Մատչելիության հղումներ

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6 տոկոս


Դրամի արձանը ԿԲ շենքի դիմաց
Դրամի արձանը ԿԲ շենքի դիմաց

Այսօր Կենտրոնական բանկի (ԿԲ) Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6 տոկոս:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն, այս տարվա հունվարին արձանագրվել է 2.6 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.2 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0.6 տոկոս:

«Արտաքին հատվածում ձևավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են որոշ գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թ-ի համար տնտեսական աճի գնահատականները նվազել են՝ պայմանավորված հիմնականում առաջարկի գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, աստիճանաբար վերականգնվում է ներքին պահանջարկը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների», - ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ն նշում է, որ «նախորդ կանխատեսման համեմատ որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձևավորման և հունվարից գազի, իսկ փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման պարագայում գնաճի նպատակին հասնելու հետագիծը կլինի փոքր-ինչ ավելի դանդաղ»:

Հաշվի առնելով նշված գործոնները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ 2017-ին կառավարության կողմից նախանշված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար և հնարավոր է գտնում այս անգամ ևս թուլացնել դրամավարկային պայմանները:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.5 տոկոս և 4.5 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG