Մատչելիության հղումներ

ՔԿ. Քաղաքացին նռնակով մոտեցել է Գորիսի ոստիկանատանը, առաջադրվել է մեղադրանք


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայթուցիկ սարքը ձեռքին ոստիկանության Գորիսի բաժնի շենքին մոտենալու դեպքի հանգամանքները։

Ըստ կոմիտեի հաղորդագրության, նախնական քննության տվյալներով՝ փետրվարի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող ռազմամթերք հանդիսացող «Ф1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակով և նռնակին ամրացված УЗРГМ տեսակի մարտական պայթուցիչով մոտեցել է Գորիս քաղաքի ոստիկանության Գորիսի բաժնի վարչական շենքին: Տղամարդը պահանջել է բացել մուտքի դուռը, ապա հեռացել և քայլել հարակից փողոցով՝ ճանապարհին նետելով նռնակն առանց նռնակի պայթուցիչի օղը քաշելու, ինչից հետո անմիջապես բերման է ենթարկվել:

Դեպքի առթիվ կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին [ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը] մասով։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գորիս քաղաքի բնակիչ, ինչպես նաև՝ նման քայլի գնալու պատճառը։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատապայթյունատեխնիկական, դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Կատարվել են բնակարանների խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել են 4 փամփուշտ, ձեռքի հակատանկային նռնականետ, սվին դանակ, 3 փաթեթ թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված: Դրանք առգրավվել են և նշանակվել դատապայթյունատեխնիկական-դատաձգաբանական համալիր, դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

«Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գորիս քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG