Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքի ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը


Քվեարկության արդյունքում որոշվեց առաջին եռյակը, որում Մարուքյանին հաջորդում են Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը:

«Ելք» դաշինքն այսօր կայացած քվեարկությունից անմիջապես հետո հրապարակեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր համամասնական ցուցակի առաջին եռյակի անունները: Ըստ այդմ՝ դաշինքի ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, երկրորդ հորիզոնականում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ցուցակի երրորդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։

Մինչև վերջին պահն էլբացառված չէ, որ համամասնական ցուցակում կընդգրկվեն Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը:

«Ինձ համար սա մեծ անակնկալ էր, ինձ համար որևիցե տարբերություն չի եղել և հիմա էլ չկա, «Ելք» դաշինքը չունի առաջնորդ, տնօրեն, «Ելք» դաշինքը նոր սերնդի դաշինք է և ունի առաջնորդներ, երեք կուսակցությունների առաջնորդները «Ելք» դաշինքի առաջնորդներն են համարվում», - իր ելույթում հայտարարեց Մարուքյանը։

«Ելք» դաշինքում կարծում են, որ Սեյրան Օհանյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքներն ավելի շուտ հետընտրական համաձայնության կգան, կոալիցիա կկազմեն Հանրապետական կուսակցության հետ, քան ընդդիմադիրների:

«Ելք»-ի առաջնորդներն այսօր մեկը մյուսի հետևից քննադատում էին նախկինում իշխանության մեջ եղած, այժմ իրենց ընդդիմադիր հռչակած Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին և Գագիկ Ծառուկյանին:

«Լուսավոր Հայաստան» կուսակացության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ըստ էության, անհնար համարեց, որ այս ուժերի հետ իրենք կհամագործակցեն ընտրություններից հետո՝ փորձելով մեծամասնություն ձևավորել խորհրդարանում․ - «Սեյրան Օհանյանը եղել է Գլխավոր շտաբի պետը և մարդը ասում ա՝ Մարտի 1-ը գանք բացահայտենք: Մի քիչ անցնի, կարող ա ասի՝ ազատությո՛ւն քաղբանտարկյալներին: Եթե կարելի ա նման կերպով վերաբերվել քաղաքականությանը, ուրեմն ամեն ինչ կարելի ա»:

Մարուքյանն ասաց, թե չի կարծում, որ ընտրություններում հաջողության հասնելուց դեպքում կոալիցիա կկազմեն Սեյրան Օհանյանի, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքների հետ․ - «Ես չեմ կարծում, որ դրա հնարավորությունը լինելու է իրենց մասով: Այդ երկու ուժերի հետ կապված ես չեմ լսել որևէ ընդդիմադիր ելույթ»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հիշեցրեց, թե Սեյրան Օհանյանը և Գագիկ Ծառուկյանը իշխանության մեջ «կամ լուռ էին, կամ աջակցող»․ - «Սեյրան Օհանյանը նաև արտաքին քաղաքական առումով բացարձակ այլ մոտեցում ունի, քան մենք, որովհետև ինքը ողջունել է քսանինը տարով բազային պայմանագրի երկարաձգումը: Վարդան Օսկանյանը ողջունել է «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, որևէ խոսք չի ասել ազատական տնտեսության և այլնի մասին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ պետք է ձևավորել կազմակերպված տնտեսություն՝ շաքարավազ բերողը, սուրճ բերողը, բանան բերողը բաժանում էր իրար մեջ: Այդ կազմակերպված պետության արդյունքում է կայացել նաև Գագիկ Ծառուկյանը և ձեռք բերել իր հարստությունը»:

Ավելին, ըստ Արամ Սարգսյանի, օրինաչափ է, որ Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի դաշինքին միացավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը․ - «Ինչքան հիշում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընտրությունից հետո Մոսկվա գնաց՝ հաղթանակը բերելու: Կարծում եմ, որ այդ դաշինքը․․․ գաղափարական առումով շատ իրար մոտ են, շատ բնական եմ համարում, որ իրենք միասին են: Նաև կարծում եմ, որ իրենց մոտեցումները շատ մոտ են Հանրապետականին, և իրենք կարող են միասնական մասնակցել: Առավել ևս, որ, բացի «Ժառանգությունից», մնացած բոլորն էլ ինչ-որ ժամանակ պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանին, եղել են նրա վստահված անձը, նրա թիմի անդամը»:

«Քաղացիական պայմանագրի» ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վաղն էլ հավանաբար Հովիկ Աբրահամյանը կխոսի Մարտի 1-ի բացահայտումից ու քաղբանտարկյալներից, նրա հե՞տ էլ կոալիցիա կազմեն: Նույնը և Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի դեպքում․ - «Ավելի հավանական է, որ նրանք հնարավորության դեպքում Հանրապետականի հետ կոալիցիա կկազմեն: Եվ նրանք պետք է քաղաքական դաշտում դեռ ապացուցեն, թե իրենք ինչ նկատի ունեն, երբ որ ասում են, որ իրենք ընդդիմադիր են: Օրինակ, Վարդան Օսկանյանը, տասը տարի Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը արտաքին աշխարհում արդարացնող թիվ մեկ գործոնն է եղել: Շատերն ասում են՝ արտգործնախարար ա եղել: Որ էդպես լիներ, Ռիբենտրոպին Նյուրնբերգի դատարանում չէին դատի, կասեին ինքը ընդամենը արտաքին գործերի նախարար ա եղել: Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի Ռիբենտրոպն է»:

ԻսկԳագիկ Ծառուկյանի հետ Հանրապետականի դեմ միավորվելու համար Նիկոլ Փաշինյանին երաշխիքներ են պետք․ - «Այն պահին, երբ պետք էր իշխանափոխությունը տեղի ունենար, մենք էլ պատրաստ էինք այդ իշխանափոխությանը աջակցել ցանկացած կարգավիճակում, իրենք ուղղակի թողեցին և հեռացան դաշտից: Ես չեմ ուզում ասել փախան: Հիմա մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ նման իրավիճակում փախնողներ չեն լինելու»:

Այս ֆոնին է, որ «Ելքը» փորձելու է միայնակ ստանալ մեծամասնություն, բայց Էդմոն Մարուքյանը չբացառեց՝ նաև ընդդիմադիր խմբակցություն կարող են ձևավորել․ - «Մեր հայտը առաջին հերթին իշխանափոխություն անելն է: Դա մաքսիմալ ծրագիրն է: Նվազագույն ծրագիրը, եթե դա չստացվի, մենք լինելու ենք հակակշիռ վեցերորդ գումարման Ազգային ժողովում, և այլևս երբևէ չի լինելու այնպիսի քվեարկություն, որ յոթ հոգի դեմ լինի կարևորագույն արտաքին քաղաքական, թեկուզ ներքին քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG