Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյան․ «Հիմա ես երջանիկ եմ»


Մեծ Բրիտանիա - Հենրիխ Մխիթարյանը տոնում է «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում խփած գոլը, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթր, 11-ը դեկտեմբերի, 2016թ․
Մեծ Բրիտանիա - Հենրիխ Մխիթարյանը տոնում է «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում խփած գոլը, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթր, 11-ը դեկտեմբերի, 2016թ․

Աշխարհի ամենահայտնի ու ամենահարուստ հայերից մեկը՝ այսպես է BBC-ն բնորոշել «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, փաստելով՝ Պրեմիեր լիգա հասած ֆուտբոլիստն իր անցյալով տարբերվում է խաղընկերներից. նա մի երկրից է, որը 5 տարի շարունակ պատերազմի մեջ է եղել Ադրբեջանի հետ՝ վիճահարույց տարածքի շուրջ, նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ, և 20 տարեկանում ստիպված է եղել ծառայել ազգային բանակում:

«Այդ ժամանակ, երբ ես Հայաստանում էի, մենք շատ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ, պատերազմի մեջ էինք Ադրբեջանի հետ, և մինչև հիմա էլ իրավիճակը վատ է: Հայաստանում աճելն ու ֆուտբոլիստ դառնալը մի փոքր ավելի բարդ է», - ասել է Մխիթարյանը:

Բրիտանական BBC-ին տված հարցազրույցում Մխիթարյանը ընդգծել է՝ ներկայիս հաջողությունների համար երախտապարտ է նախորդ մարզչին՝ Յուրգեն Կլոպին, ում հետ երկու խաղաշրջան է անցկացրել Դորտմունդի «Բորուսիա»-ում: «Հենց նա էր, որ ինձ առաջարկեց Միկի անունը՝ Մխիթարյանի ու Հենրիխի փոխարեն», - ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:

«Ես շնորհակալ եմ Կլոպին, որովհետև նա ինձ ընտրեց, երբ խաղում էի Ուկրաինայում, շնորհակալ եմ, որովհետև նա շատ է աշխատել իմ անհատականության ու հոգեբանության վրա: Ես իսկապես շատ, շատ ծանր էի տանում, երբ Դորտմունդում մենք մի քանի խաղ վատ անցկացրեցինք: Կլոպը ինձ ցույց տվեց ճանապարհը: Նա միշտ աջակցում էր ինձ, ասելով՝ բոլորն են սխալվում, բոլորի մոտ են լինում վատ խաղեր, դու պետք է գլուխդ բարձր պահես», - պատմել է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը նշել է՝ Կլոպի այս խորհուրդներն իրեն օգնել են նաև անգլիական ակումբում, երբ Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ շուրջ 10 շաբաթ ստիպված էր խաղին հետևել պահեստայինների նստարանից: «Հեշտ չէր», - խոստովանել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպանը՝ բացելով որոշ փակագծեր․ - «Սկզբում մենք մի քիչ... ոչ թե խնդիրներ, այլ՝ դժվարություններ ունեինք, սակայն նոյեմբերից սկսած՝ սկսեցինք հաղթել: Օրեցօր դու սկսում ես հասկանալ՝ ինչ է սպասում Մոուրինյոն քեզնից, և փորձում ես անել առավելագույնը, որ ներգրավվես այն խաղում, որ նա է ուզում տեսնել: Սակայն, անգամ այն ժամանակ, երբ ես չէի խաղում, ժպիտն իմ դեմքին էր միշտ: Որովհետև, եթե տխուր լինեի, զայրանայի, դա ինձ չէր օգնի: Ես ուղղակի համբերատար էի, սպասում էի և վստահ էի, որ իմ ժամանակը դեռ գալու է»:

28-ամյա Մխիթարյանը նշել է՝ տարիներ առաջ այս վիճակից հաստատ կընկճվեր: «22-23 տարեկանում եթե գայի «Մանչեսթր Յունայթեդ», շատ խնդիրներ կունենայի, կտառապեի, կգժվեի, գուցե ընկերներիս ու հարազատներիս հետ չխոսեի, բայց հետո հասկացա, որ սա է կյանքը», - ասել է նա: - «Եթե դու ժպտաս կյանքին, կյանքն էլ քեզ կժպտա, այնպես որ, ես սկսեցի ժպտալ, շարունակեցի աշխատել, և հիմա ես երջանիկ եմ»:

«Պրեմիեր լիգա տեղափոխվելը մի նոր քայլ էր Մխիթարյանի համար», - նշում է BBC-ն, փաստելով՝ նա խոսում է 6 լեզվով և Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի՝ Համլետ Մխիթարյանի որդին է, ով ևս միջազգային կարգի ֆուտբոլիստ էր և մեկն առաջիններից, որ կարողացավ հանդես գալ արտասահմանում՝ Խորհրդային Միության տարիներին:

«Ես միշտ ուրախ էի նրա հետ գնալ մարզումների, նա իմ շարժիչ ուժն էր, իմ երազանքը: Երբ նա մահացավ, ես թերևս չէի զգում կորստյան իրական ազդեցությունը, սակայն գիտեի, որ նա հետևում է ինձ երկնքից և պետք է ինձնով հպարտանա», - ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG