Մատչելիության հղումներ

Թրամփը դիտարկում է նոր ներգաղթային հրամանագիր ստորագրելու տարբերակը՝ արգելափակվածի փոխարեն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է իմիգրացիոն նոր հրամանագիր արձակելու հարցը՝ դատական կարգով կասեցված իր հին՝ հունվարի 27-ի հրամանագրի փոխարեն։

Չնայած երկու տարբեր դատական ատյաններում կրած պարտությանը՝ Թրամփը պնդել է, որ իր հրամանագիրը օրինական է։

«Դժբախտաբար այս ամենը ժամանակ է պահանջում, բայց մենք կշահենք այդ ճակատամարտը։ Մենք նաև այլընտրանքային տարբերակներ ենք քննարկում, այդ թվում՝ նոր հրամանագրի ստորագրումը», - նախագահական օդանավում իր հետ ճանապարհորդող լրագրողների հետ զրույցում ասել է նա։

ԱՄՆ նախագահի նախկին հրամանագիրը՝ մահմեդական 7 երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքն արգելելու և փախստականների ներհոսքը կասեցնելու վերաբերյալ, փետրվարի 3-ին արգելափակվեց Սիեթլի դաշնային դատարանի կողմից, իսկ արդեն փետրվարի 9-ին Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց ստորին ատյանի դատարանի վճիռը՝ մերժելով Թրամփի վարչակազմի ներկայացրած բողոքը։

«Անվտանգության նկատառումներից ելնելով մենք պետք է հնարավորինս արագ գործենք», - հայտարարել է Թրամփը, կարծիք հայտնելով, որ նոր հրամանագրի արձակումը դիտարկում է որպես լավագույն տարբերակ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ նոր հրամանագիրը կարող է հնի վերախմբագրված տարբերակը լինել՝ «որոշ փոքրիկ փոփոխություններով՝ նկատի ունենալով [Վերաքննիչ դատարանի] վճիռը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG