Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում դաշնային վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց նախագահ Թրամփի հրամանագրի կասեցման մասին վճիռը


Դոնալդ Թրամփ, արխիվ

Թրամփի վարչակազմն այժմ ուսումնասիրում է վերաքննիչ ատյանի վճիռը՝ հետագա մարտավարությունը որոշելու համար:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ մահմեդական 7 երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքն արգելելու և փախստականների ներհոսքը կասեցնելու վերաբերյալ հայտնի հրամանագիրը կշարունակի սառեցված մնալ: Դաշնային վերաքննիչ դատարանը երեկ միաձայն որոշեց մերժել այն վերականգնելու՝ Սպիտակ տան պահանջը:

Դատարանի 29 էջանոց որոշման մեջ նշվում է՝ Թրամփի վարչակազմը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հրամանագրում ներառված յոթ երկրների քաղաքացիները սպառնում են հանրային անվտանգությանը կամ ծրագրել են ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ում:

«Կտեսնվենք դատարանում»,- վճռի հրապարակումից հետո ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ չհստակեցնելով, սակայն, թե երբ ու հատկապես որ դատական ատյան է մտադիր դիմել այժմ: «Դա քաղաքական որոշում էր, մենք մի իրավիճակում ենք, երբ խաղասեղանին է դրված մեր ազգային անվտանգությունը։ Սա շատ լուրջ վիճակ է, այնպես որ՝ մենք անհամբերությամբ ենք սպասում նրանց հետ հանդիպմանը դատարանում»,- ասել է Թրամփը:

Նրա ընդդիմախոսների արձագանքը չի ուշացել: «Պարոն նախագահ, մենք հենց նոր հանդիպեցինք դատարանում և պարտության մատնեցինք Ձեզ»,- հայտարարել է հրամանագիրը վիճարկող նահանգներից մեկի՝ Վաշինգտոնի առաջնորդ, դեմոկրատ Ջեյ Ինսլին: «Սա մեր նահանգի լիակատար հաղթանակն է»,- սա էլ Վաշինգտոնի գլխավոր դատախազ Բոբ ֆերգյուսոնի արձագանքն է:

«Ամերիկան օրենքի երկիր է, և ինչպես ես հայտարարում էի առաջին իսկ օրվանից, այդ օրենքները վերաբերում են այս երկրում ապրող յուրաքանչյուրին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահին: Մենք ընդունում ենք, որ նախագահն ունի հրամանագրեր արձակելու լայն լիազորություններ, սակայն, դրանք պետք է համապատասխանեն Սահմանադրությանը»,- նաև ասել է Բոբ Ֆերգյուսոնը:

Թրամփի ընդդիմախոսները պնդում են, որ դատարանը բավարարել է իրենց բոլոր պահանջները: «Որոշումը ոչ միայն ամրագրում է, որ կառավարությունը չի կարող առանց հիմքերի, զուտ ազգային անվտանգության մտահոգությունները վկայաբերելով, սահմանափակել մարդկանց իրավունքները, այլև փաստում է, որ Սպիտակ տան հրամանագրերը կարող են և չեղարկվել»,- պարզաբանում է Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազը:

Դատական այս վիճաբանության ընթացքում նախագահը պնդում էր, թե իր գործողություններն ու ստորագրած հրամանագրերը վերանայման ենթակա չեն: Մինչդեռ՝ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրեց՝ որևէ նախադեպ չկա հօգուտ անբեկանելիության: Ավելին`ըստ վերաքննիչ ատյանի, այդ պնդումները հակասում են ԱՄՆ-ի սահմանադրական ժողովրդարության հիմնարար կառուցվածքին:

«Որոշումն ընդունվել է միաձայն, այն դեպքում, երբ երեք դատավորներից մեկին նշանակել է ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփի կուսակից Ջորջ Բուշը: Սա շատ կարևոր ուղերձ է, որը ցույց է տալիս, որ դատավորները քաղաքական ուժերի կամակատարները չեն»,- նշում են գործող նախագահի ընդդիմախոսները:

Նախագահական քարոզարշավի ընթացքում Թրամփի խոստացած սահմանափակումը, փաստորեն, գործեց ընդամենը մեկ շաբաթ: Փորձագետները փաստում են՝ Սպիտակ տունն այժմ կարող է դիմել գերագույն դատարան, սակայն, այնտեղ ևս հաղթանակը երաշխավորված չէ: Գերագույն դատարանի 8 դատավորների ձայները հավասարաչափ են բաշխված՝ նրանցից չորսը պահպանողական են, չորսը՝ ազատական:

Իրավիճակը կարող էր փոխել Դոնալդ Թրամփի կողմից գերագույն դատարանում դատավոր առաջադրված Նիլ Գորսաչը: Վերջինիս թեկնածությունը, սակայն, Սենատը դժվար թե հաստատի մինչև այս հարցով քննության ավարտը: Հաջորդ սցենարով, նախագահի վարչակազմը վիճելի սահմանափակումը կարող է առաջ տանել օրենսդրական փոփոխությունների ճանապարհով: Թե որ ուղին կընտրի Սպիտակ տան նոր ղեկավարը՝ առայժմ հստակ չէ: Թրամփի վարչակազմը հայտարարել է, թե այժմ ուսումնասիրում է դատական վերջին վճիռը՝ հետագա քայլերը որոշելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG