Մատչելիության հղումներ

Նորաստեղծ կոմիտեն մտադիր է կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը, մինչդեռ՝ ոլորտի ֆինանսավորումը կրկնակի կրճատվել է


Ծաղկաձորի ճոպանուղին, արխիվ
Ծաղկաձորի ճոպանուղին, արխիվ

2016-ի դրությամբ, զբոսաշրջությունը նախորդած տարվա համեմատ 5,7 տոկոսի աճ է գրանցել: Պաշտոնական տվյալներով՝ նշված ընթացքում Հայաստանում իր հանգիստն է կազմակերպել մոտ 1 միլիոն 300 000 զբոսաշրջիկ:

3 ամիս առաջ ստեղծված Զբոսաշրջության պետական կոմիտեն չի պատրաստվում զբաղվել նախորդներից ժառանգած ու անմխիթար վիճակում հայտնված թանկարժեք բիոզուգարանների հարցով: Այսօր այս մասին, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

2011 թվականին կառավարությունը զբոսաշրջությունը զարգացնելու հիմնավորմամբ 350 հազար դոլար ընդհանուր արժողությամբ երկու բիոզուգարան էր գնել: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասաց՝ «Ես այստեղ հոկտեմբերից եմ և չեմ պատրաստվում պատասխանել այն հարցին, որում որևէ մասնակցություն չենք ունեցել: Այդ հարցը միշտ բարձրացվել է, և ես հույս եմ ունեցել, որ գուցե որևէ մեկը, նախքան կոմիտեի ստեղծումը, ձեզ որևէ պատասխան կտա դրա մասին»:

Փոխարենը՝ նորաստեղծ կոմիտեի նախագահը պատրաստվում է զբաղվել զբոսաշրջության խթանմամբ և մտադիր է մինչև 2020 թվականը կրկնապատկել Հայաստան այցելողների թիվը: 2016-ի դրությամբ զբոսաշրջությունն արդեն իսկ նախորդած տարվա համեմատ 5,7 տոկոսի աճ է գրանցել: Պաշտոնական տվյալներով՝ նշված ընթացքում Հայաստանում իր հանգիստն է կազմակերպել է մոտ 1 միլիոն 300 000 զբոսաշրջիկ:

«Աճը հիմնականում ապահովել են Ռուսաստանից, Իրանից, Արաբական Էմիրություններից, Չինաստանից և մի քանի այլ երկրներից ժամանածները»,- պարզաբանեց Զեյթունցյանը: Այդ երկերներից ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու համար թիրախային քաղաքականություն է տարվելու, խոստանում է նորաստեղծ կոմիտեի ղեկավարը: Նա արդեն հասցրել է առանձնացնել ոլորտի 6 առաջնային խնդիրներն ու որդեգրել նոր կարգախոսը՝ «Եթե մեկ բառով ձեզ ներկայացնեմ՝ 2017 թվականի ռազմավարության հիմնաքարը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է»,- ասաց Զեյթունցյանը:

Լրագրողները վերջինիս նաև հետևյալ հարցն ուղղեցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում իրագործել այս և մյուս գրավիչ ծրագրերը, եթե նոր կառավարությունը կիսով չափ կրճատել է գերակա ճանաչված ոլորտին հատկացվող տարեկան ֆինանսավորումը: «Կարող եմ նշել, որ անցյալ տարի զբոսաշրջության բյուջեն եղել է 400 հազար դոլար: Ես չեմ կարող անալիզ անել կամ քննարկել՝ ինչու է այդպես: Ունենք այն, ինչ որ ունենք, բայց մենք չենք կարող լավատես չլինել և օգտագործում ենք մեր ստեղծագործական միտքը: Եվ ես կարծում եմ, որ շատ հաճախ լավ գործընկերների օգնությամբ․․․ մենք ունենք նաև սփյուռք, որն այսօր պատրաստ է մեզ օգտակար լինել»,- շարունակեց նորաստեղծ կոմիտեի ղեկավարը:

Մինչդեռ, ոլորտում արդեն 20 տարի աշխատող Մարինա Կպրյանն ասում է՝ եթե ցանկանում ես զարգացնել զբոսաշրջությունը, ուրեմն պետք է պատրաստ լինես խոշոր ներդրումների, փոքր բյուջեով ու մասնավորի հույսով մեծ արդյունքի հասնել հնարավոր չէ: Ներգնա տուրիզմով զբաղվող ընկերություն տնօրենի խոսքով, սա բիզնես է, որը գումար է պահանջում: «Մի կողմից պետությունը միջոցները կրճատում է, մյուս կողմից ուզում են ավելի լավ արդյունք ունենալ: Դա հակասություն է»,- ասում է գործարարը:

Միջոցները խնայվում են, իսկ երկիրը՝ ոչ բավարար չափով է ներկայացվում: Հենց դա է պատճառը, որ հաճախ արտերկրում Արմենիան շփոթում են Ալբանիայի և Ռումինիայի հետ, ասում է Կպրյանն ու շարունակում՝ միջազգային տուրիստական ցուցահանդեսների ժամանակ Հայաստանի տաղավարը հարևանների հետ համեմատած փոքրիկ սեղանիկ է հիշեցնում:

Ոլորտում տարիների փորձ ունեցող Կպրյանը հավելում է՝ Հայաստան գալիս են հիմնականում թոշակառու զբոսաշրջիկները, օրինակ՝ եվրոպացի երիտասարդներին առաջին քրիստոնյա երկիրը չի գրավում: Կպրյանի կարծիքով, սա էլ է թերի գովազդի հետևանք․ Հայաստանում հետաքրքրությունները շատ են, բայց դրանց մասին հաճախ անգամ տեղացիները չգիտեն:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն էլ այս խնդիրներին քաջատեղյակ է, ասում է՝ Հայաստանը չի գրավել երիտասարդներին, քանի որ ճիշտ տեղեկատվության պակաս է եղել: Հարցնում ենք՝ մեղադրում եք զբոսաշրջության վարչության նախկին ղեկավարի՞ն: «Դուք անընդհատ ուզում եք մեղավորներ գտնել, ունենք այն, ինչ կա: Եկեք առաջ նայենք», - պատասխանեց Զարմինե Զեյթունցյանը:

Ու մինչ կոմիտեն փորձում է գտնել ու շտկել բացթողումները, հայաստանցիների մեծ մասը նախընտրում է հանգստանալ հարևան Վրաստանում: Զեյթունցայնի կարծիքով, «նրանց առավելությունը» ծովն է ու հայերի սերը՝ լողափնյա հանգստի նկատմամբ: Իսկ ահա՝ տուրիստական ընկերության տնօրենն ընգծում է՝ Հայաստանում հյուրանոցների գները հասանելի են քաղաքացիների միայն 10 տոկոսին: Դրանք շատ թանկ են, հետևաբար՝ Ծաղկաձորում ու Ջերմուկում ավելի շատ օտարերկրացիների կհանդիպես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG