Մատչելիության հղումներ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը չի բացառում համագործակցությունը «Ծառուկյան դաշինք»-ի հետ, այդ թվում՝ իշխանափոխության հասնելու հարցում։

«Ազատության» հետ զրույցում Դեմիրճյանը չթաքցրեց, որ հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ ունեցել է, բայց իր կողմից «Ծառուկյան դաշինք»-ին անդամակցելու նախաձեռնություն չի եղել։

ՀԺԿ ղեկավարը հերքեց մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե ինքն իրականում հրաժարվել է «Ծառուկյան դաշինք»-ի մաս կազմել, քանի որ նախընտրական ցուցակում իրեն առաջին հորիզոնականներում տեղ չի առաջարկվել։

Նշենք, որ երկարատև բանակցություններից հետո Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն որոշում կայացրեց խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ։

Դեմիրճյան. - Ծառուկյանի հետ, այո, եղել է հանդիպում, մենք չենք թաքցնում: Սակայն այն, ինչ հրապարակվեց էդ տեղերի հետ կապված, նույնպես իրականության հետ որևէ առնչություն չունի։

«Ազատություն». - Պարոն Դեմիրճյան, բայց դուք բանակցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի հետ, նրա հետ հանդիպե՞լ եք՝ նրա դաշինքով ընտրություններին մասնակցելու նպատակով։

Դեմիրճյան. - Ես չէի ասի, թե բանակցել ենք, եղել են ինչ-որ քննարկումներ, որոնց մասին հիմա կարծում եմ չարժի խոսել։

«Ազատություն». - Ինչո՞ւ դուք չցանկացաք լինել Գագիկ Ծառուկյանի հետ էլի դաշինքով։

Դեմիրճյան. - Մի խոսքով, բանակցություններ, որպես այդպիսին, չեն եղել, կարելի է ասել, իսկ այն, ինչ հրապարակվել է, իրականության հետ կապ չունի, ավելին ես չեմ ասի, չէի ուզենալ խորանալ։

«Ազատություն». - Ամեն դեպքում, ինչո՞ւ որոշեցիք չմիանալ Ծառուկյան դաշինք»-ին, հատկապես, որ նրա հետ քննարկումների եղել եք, ի՞նչը ձեզ չգոհացրեց։

Դեմիրճյան. - Մենք մշտապես համագործակցել ենք Հայ ազգային կոնգրեսի հետ, և երբ որ մենք քննարկումներ էինք անցկացնում «Ծառուկյան դաշինք»-ի հետ, այդ ժամանակ էլ չէր դադարել մեր համագործակցությունը ՀԱԿ-ի հետ։

«Ազատություն». - Այդ դեպքում նպատակը ո՞րն էր հանդիպման, քննարկումների։

Դեմիրճյան. - Չեմ կարծում, որ ինչ-որ դատապարտելի երևույթ էր հանդիպելը։

«Ազատություն». - Բայց ցուցակի համարների հետ կապված խնդիրը չի՞ եղել, որ դուք մերժել եք։

Դեմիրճյան. - Դա բացարձակապես կապ չունի իրականության հետ։

«Ազատություն». - Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն դուք ողջունո՞ւմ եք։

Դեմիրճյան - Կարծում եմ, որ մենք մի քիչ արդեն շատ կենտրոնացանք այս մի թեմայի վրա։ Այս կապակցությամբ ես այլևս ասելիք չունեմ։

«Ազատություն». - Ինչու եմ այդ հարցը տալիս, որովհետև դուք որոշում եք կայացրել դաշինք կազմել ՀԱԿ-ի հետ, և գուցե հետագայում համագործակցության անհրաժեշտություն ծագի նրա ստեղծած «Ծառուկյան դաշինք»-ի հետ։

Դեմիրճյան. - Հետագայում որևէ համագործակցություն իհարկե չի կարելի բացառել, ժամանակը ցույց կտա, դեպքերի զարգացումը...

«Ազատություն». - Նկատի ունեմ՝ նրա քաղաքականություն վերադարձը դուք ողջունում եք և հնարավոր համարում եք նրա հետ համագործակցությունը հետագայում։

Դեմիրճյան. - Հետագայում չեմ բացառում, իհարկե։

«Ազատություն». - Ի վերջո մի քանի տարի առաջ ՀԱԿ կոնգրես-դաշինքը, որի անդամ էիք նաև դուք, Գագիկ Ծառուկյանի հետ էին փորձում իշխանափոխություն իրականացնել։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում նույնպես կարող է միասնական քայլեր լինեն։

Դեմիրճյան. - Չի կարելի բացառել, իհարկե։

«Ազատություն». - Գիտեք՝ ուրբաթ օրը «Ծառուկյան դաշինք»-ն է ձևավորվելու, հուշագիր են ստորագրելու համագործակցող ուժերը, կա Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան, «Ելք» դաշինքը, այս քաղաքական միավորումների առկայությունը հաշվի առնելով ձեր հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում։

Դեմիրճյան. - Նորմալ, ցածր չեմ գնահատում։

«Ազատություն». - Կկարողանա՞ք բավականաչափ ձայներ հավաքել։

Դեմիրճյան. - Այո։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք պատկերացնում անցնել, հաղթահարել այդ յոթ տոկոսանոց շեմը, հետո փորձել ինչ-որ կոալիցիոն կառավարություն կազմել այդ դաշինքների հետ։

Դեմիրճյան. - Նախ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատկառելի ներկայություն ունենալ Ազգային ժողովում, իսկ մնացածի մասին կխոսենք հետո։

«Ազատություն». - Պարոն Դեմիրճյան, քանի որ այլևս նախագահական ընտրություններ տեղի չեն ունենալու և նախագահի լիազորությունները կրճատվելու են, և առանցքային դերակատար է դառնալու Ազգային ժողովը և վարչապետը։ Գիտեք՝ իշխող ուժը՝ Հանրապետականն արդեն հայտարարել է, որ վարչապետի իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ձեր դաշինքի վարչապետի թեկնածու դուք ո՞ւմ եք տեսնում, և կարո՞ղ ենք նաև ասել, որ դուք կարող եք լինել այս դաշինքի վարչապետի թեկնածու։

Դեմիրճյան. - Գիտեք, իհարկե դաշինքը կգտնի վարչապետ, կունենա վարչապետի թեկնածու, բայց ներկայումս մենք այդ առումով քննարկումներ չենք ունեցել։

«Ազատություն». - Դուք ձեզ տեսնո՞ւմ եք վարչապետ։

Դեմիրճյան. - Եկեք դրա մասին հիմա չխոսենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG