Մատչելիության հղումներ

ՀՀ օմբուդսմենը Զալբերին է փոխանցել Լապշինի արտահանձնման առնչությամբ իր մտահոգությունը


ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբեր, արխիվ
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբեր, արխիվ

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի՝ եվրոպական գործընթացներին մասնակից դարձնելու հարցն է բարձրացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ Բրյուսելում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի՝ այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Թաթոյանը հատուկ նշել է լուրջ մտահոգությունը լրագրող Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու որոշման և դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին և ընդգծել, որ հիմա է՛լ ավելի պետք է ակտիվանան այցերը Լեռնային Ղարաբաղ:

Պաշտպանը Զալբերին է ներկայացրել «2016 թվականի դեկտեմբերի 29-ի, ինչպես նաև 2017-ի հունվարի 3-ի, 8-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռք բերված ապացույցներով», ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի օմբուդսմենը նույն օրը Բրյուսելում հանդիպել է նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի, Եվրամիության Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների վիճակին առնչվող, այդ թվում՝ միջազգային հարցեր, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կարգավորումները: ԵՄ պաշտոնյաները կարևորել են նոր օրենքը՝ համարելով այն առաջադիմական և անհրաժեշտ մարդու իրավունքների եվրոպական չափանիշները երկրում ներդնելու և ամրապնդելու համար, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG