Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտպանեց ներգաղթի ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հորդորելով վերաքննիչ դատարանին վերականգնել կասեցված միջոցները՝ ի շահ երկրի անվտանգության: Այս մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը մերժել է վարչակազմի պահանջը՝ բեկանել Սիեթլի դաշնային դատարանի վճիռը նախագահի հրամանագիրը կասեցնելու մասին:
Երեկ իր թվիթերյան էջում Թրամփը գրել է, որ «ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչների սպառնալիքը իրական է»: «Պարզապես նայեք, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: Դատարանները պետք է արագ գործեն», - գրել է ԱՄՆ նախագահը:
Վերաքննիչ դատարանում այսօր լսումներ են լինելու այս հարցով, որոնց ընթացքում կողմերը պետք է հիմնավորումներ ներկայացնեն: