Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը բացեց սահմանները յոթ մահմեդական երկրների քաղաքացիների առջև


Կիրակի օրը Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը մերժեց բավարարել Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջը՝ բեկանել Սիեթլի դաշնային դատարանի վճիռը, որով կասեցվել է Թրամփի հրամանագիրը` հիմնականում մահմեդական յոթ երկրներից ներգաղթը ժամանակավորապես սահմանափակելու, ինչպես նաև բոլոր փախստականների մուտքը երկիր կասեցնելու մասին:

Սպիտակ տան ղեկավարի սահմանած արգելքը կասեցնելու որոշում է կայացրել Սիեթլի դաշնային դատարանի դատավոր Ջեյմս Ռոբարտը։ Նրա պնդմամբ, ներգաղթը սահմանափակող հրամանագիրը կրոնական խտրականության տեսանկյունից հակասում է ամերիկյան Սահմանադրությանը, բացի այդ, ըստ դատավորի, Միացյալ Նահանգները մեծ վնաս են կրել որոշումն իրականացնելու պատճառով։

Ի պատասխան Դոնալդ Թրամփը Ռոբարտին անվանել է «այսպես կոչված դատավոր», իսկ նրա՝ նախագահական հրամանագիրը չեղարկելու որոշումը՝ անհեթեթություն։

«Ուղղակի չեմ հավատում, որ դատավորը մեր երկիրը նման վտանգի է ենթարկում։ Եթե ինչ-որ բան պատահի, մեղադրեք նրան և դատական համակարգին», - արձագանքել է Թրամփը և հայտարարել, որ ազգային անվտանգության ծառայություններին հանձնարարել է երկիր ժամանող անձանց ստուգումներն իրականացնել շատ մանրակրկիտ։ - «Դատարաններն այդ գործը դժվարացնում են», - Թվիրթրում գրել է Թրամփը, ում համոզմամբ, ներգաղթյալների մուտքը սահմանափակող որոշումը միանգամայն օրինական է և այն ուղղված է երկրի և բնակչության անվտանգության ապահովմանը։

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության բողոքում նշված է, որ դատական արգելքը կասկածի տակ է դնում նախագահի որոշումը, որն ընդունվել է ազգային անվտանգության շահերից ելնելով։ Փաստաթղթում նաև ընդգծված է, որ նախագահն ունի իրավունք մուտքի ժամանակավոր արգելքներ սահմանելու՝ Սահմանադրության համապատասխան։ Վերաքննիչ դատարանը, սակայն, Արդարադատության նախարարությանը, ինչպես նաև դատավոր Ռոբարթին մինչև երկուշաբթի օրը ժամանակ է տվել բողոքը հիմնավորող նոր փաստարկներ ներկայացնելու համար։

Սիեթլի դատարանի վճռից հետո, հիշեցնենք, ամերիկյան միգրացիոն կառույցները սկսեցին վերականգնել վիզաները, որոնք չեղարկվել էին նոր հրամանագրի արդյունքում։

Հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից ի վեր ընդհանուր առմամբ չեղարկվել է մոտ 100 հազար արդեն տրված ամերիկյան վիզա։

Քանի որ հրամանագիրը ստորագրվել է բոլորի համար անսպասելի, այդ թվում՝ սահմանային ծառայությունների և օդանավակայանների աշխատակիցների, 109 մարդ, հասնելով ԱՄՆ տարածք, ձերբակալվել են. նրանց մեծամասնությունը ազատ է արձակվել փաստաբանների շնորհիվ, ովքեր անվճար աշխատում էին:

Օդանավակայաններում ազատ արձակվածների մի մասը, սակայն, արտաքսվել է Ամերիկայից, չնայած գործող վիզաների առկայությանը:

Նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 27-ի հրամանագրով 90 օրով արգելափակվում է 7 երկրների` Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքը Ամերիկա, 120 օրով դադարեցվում է փախստականների մուտքը ցանկացած այլ երկրից և անորոշ ժամկետով կասեցվում սիրիացի փախստականների ներգաղթը:

Թրամփի միգրացիոն նոր քաղաքականությունը զայրույթ է հարուցել ոչ միայն սահմանափակումների ենթարկված երկրներում: Բողոքի ցույցեր են անցկացվում Միացյալ Նահանգներում: Թրամփի ամերիկացի ընդդիմախոսները դատապարտում էին ներգաղթյալների մուտքը ժամանակավոր արգելելու մասին հրամանագիրն ու պահանջում չեղարկել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG