Մի քանի ժամից Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա:
Սա գերմանական կառավարության ղեկավարի առաջին այցն է այդ երկիր` 2016-ի հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից և հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Թուրքական կառավարության հետ սերտ առնչություններ ունեցող Sabah օրաթերթի տեղեկություններով՝ Մերկելի` Թուրքիայի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաև «հուլիսյան իրադարձությունների կազմակերպիչ հանդիսացող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած կառույցի և Քրդական բանվորական կուսակցության դեմ համատեղ պայքարի հնարավորությունները»: Ավելին, թուրքական թերթը պնդում է, որ այս երկու հարցերը Անգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այսօր կայանալիք բանակցությունների օրակարգի առանցքային թեմաներն են լինելու:
Գերմանական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, սակայն, Անկարայում նախատեսված բանակցությունների ընթացքում Մերկելն անդրադառնալու է հուլիսյան հեղաշրջումից հետո Թուրքիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին: Գերմանացի մի շարք պատգամավորներ արդեն դիմել են Մերկելին նման կոչով:
Մերկելի այցին դեմ են արտահայտվում թուրքական ընդդիմության ներկայացուցիչները: Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդա-հանրապետականի ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին գերմանական Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում օրերս ասել է. - «Մերկելի այցը Թուրքիա կօգնի Էրդողանին վիճահարույց սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու և իր իշխանությունը երկարաձգելու հարցում: Այս ամենը կարող է որպես յուրատեսակ մի ուղերձ դիտվել, թե Մերկելն իր այցով սատարում է Էրդողանի քաղաքական ծրագրերին»։
Գերմանիայի դաշնային կանցլերի Թուրքիա այցի նախաշեմին Անկարայի և Բեռլինի հարաբերություններում նոր սկանդալ ծագեց. Մերկելի այցից բառացիորեն մի քանի օր առաջ գերմանական Der Spiegel հանդեսը տեղեկացրեց, որ մոտ չորս տասնյակ թուրք զինվորականներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայի իշխանություններից:
Պարբերականի տեղեկություններով՝ դրանք այն թուրք սպաներն են, ովքեր ծառայում էին Գերմանիայի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմակայաններում: Այդ զինծառայողներին կասկածում են հուլիսյան հեղաշրջման փորձին առնչություններ ունենալու մեջ: Իրենք` գերմանական իշխանություններին դիմած թուրք զինվորականները, պնդում են, որ հայրենիք վերադառնալու դեպքում կենթարկվեն քրեական հետապնդման և հալածանքների:
Պաշտոնական Անկարան, սակայն, արդեն պահանջել է Գերմանիայի իշխանություններից արտահանձնել թուրք զինվորականներին: «Եթե հեղաշրջում կազմակերպած կառույցին անդամակցելու մեջ կասկածվող զինվորականներին քաղաքական ապաստան տրամադրվի, ապա Գերմանիան կբախվի շատ լուրջ բարդությունների», - մեկնաբանելով ստեղծված կացությունը՝ շաբաթասկզբին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։