Մատչելիության հղումներ

Բելառուսում Իսրայելի հյուպատոսը վստահեցնում է՝ Լապշինը ողջ առողջ է


Ալեքսանդր Լապշին, արխիվ
Ալեքսանդր Լապշին, արխիվ

Նախօրեին Բելառուսում կալանավորված բլոգերի հարցով հայտարարություն է տարածել Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ «անթույլատրելի» համարելով վերջինիս հնարավոր արտահանձնումն Ադրբեջանին:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կշարունակի մնալ կալանքի տակ, քանի դեռ դատարանը չի քննել նրա պաշտպանների երկրորդ բողոքը: Այս մասին «Ազատությանն» այսօր տեղեկացրեց Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկի Սպիվակովը:

Մինսկի քաղաքային դատարանը հունվարի 26-ին ուժի մեջ էր թողել Բելառուսի գլխավոր դատախազության՝ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը, որը նրա փաստաբանները բողոքարկել են: «Քանի դեռ դատարանն այս հայցով որոշում չի կայացրել, Լապշինը մնալու է Բելառուսում»,- ասաց Բելառուսում Իսրայելի հյուպատոսը՝ հավելելով, թե 40-ամյա բլոգերի առողջական վիճակը նորմալ է՝ «Մենք նրան այցելում ենք, նա ողջ առողջ է․․․»:

Իսկ թե ինչ ճակատագրի կարժանանա Ղարաբաղ այցելելու պատճառով կալանավորված Լապշինի փաստաբանների երկրորդ բողոքը, իսրայելցի դիվանագետն այդ հարցի պատասխանը չունի: «Նման կանխատեսում անելու համար պետք է քաղաքական կրթություն ունենալ»,- ասաց նա։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի և Իսրայելի միջև բարեկամական հարաբերությունները չեն խանգարի, որ Իսրայելը պատշաճ ձևով պաշտպանի իր քաղաքացու շահերը, Տիկին Ռաչինսկի Սպիվակովը պատասխանեց՝ «Ի՞նչ եք դուք հասկանում՝ պաշտպանել ասելով: Նա Իսրայելի քաղաքացի է, սա իրականություն է, որը ոչ ոք չի հերքում։ Մենք մեր պարտականությունները կատարում ենք, այցելում ենք նրան, տրամադրում ենք հյուպատոսական ծառայություններ»։

Ադրբեջանի իշխանություններին հասցեագրված՝ բլոգերի նամակը, որում Լապշինը ներողություն էր խնդրել, վերջինիս չի օգնել։ Ինչպես հյուպատոսն ասաց՝ հակառակ դեպքում Լապշինն այսօր մեկուսարանում չէր լինի։ Երեկ էլ այս հարցով հայտարարություն է տարածել Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան: Լապշինի հնարավոր փոխանցումն Ադրբեջանին նա «անթույլատրելի» է համարել:

«Ես համարում եմ, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամը չի կարող Ադրբեջանի Հանրապետությանն արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող՝ Ալեքսանդր Լապշինին»,- հայտարարել է Ռուսաստանի օմբուդսմենը:

«Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի տարածքից կամ արտահանձնվել ուրիշ պետություն։ Իմ տեսակետն են կիսում նաև Ռուսաստանի արտգործնախարարությունն ու այլ մասնագիտացված գործակալություններ»,- իր հայտարարությունում նաև նշել է Մոսկալկովան՝ միաժամանակ Ռուսաստանի քաղաքացիներին հորդորելով՝ արտասահման մեկնելուց առաջ ուսումնասիրել տվյալ երկրի օրենքներն ու չխախտել դրանք։

2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած՝ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը (վերջինս անցած տարի Ադրբեջան էր այցելել ուկրաինական անձնագրով) Ադրբեջանի իշխանությունների պահանջով 2016 թ․ դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման, հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթեր չունենալու համար։

Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խայտառակություն էր որակել Լապշինի ձերբակալությունն ու արտահանձնման որոշումը: Խնդրին անդրադարձել է նաև Իսրայելի, Բելառուսի և Ռուսաստանի մամուլը: Փորձագետների կարծիքով, Բելառուսի իշխանությունների գործողություններն առաջին հերթին թելադրված են Մոսկվայից հերթական զիջումներ կորզելու, ինչպես նաև Ադրբեջանին հաճոյանալու շարժառիթներով:

Անցած նոյեմբերին Բաքու կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևից Հեյդար Ալիևի անվան շքանշանը ստանալիս խոստացել էլ «վաստակել այն կրելու իրավունքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG