Մատչելիության հղումներ

Հազարական դրամն արդեն գանձվում է


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Մանե Թանդիլյանը արխիվ:

Հունվարի աշխատավարձերից հազարավոր քաղաքացիներից օրենքի պահանջով արդեն գանձված 1000-ական դրամը փոխանցվել է հատուկ ստեղծված հիմնադրամի հաշվին:

Անցյալ տարվա աշնանը շրջանառության մեջ դրված, ապա հապճեպ ընդունված օրենքի համաձայն, հիմանդրամում հավաքված գումարները կուղղվեն 2017-ից սկսած բանակում վիրավորում ստացող զինվորների կյանքի ու առողջության ապահովագրությանը։

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ արդեն գործող օրենքը պարզապես հակասահմանադրական է․ - «Հարկատեսակ սահմանել որևիցե կառույցի կողմից արգելված է ընդհանրապես, դա հակասահմանադրական է: Դուք պատկերացրեք՝ յուրաքանչյուր գերատեսչություն կարող է գալ, նման առաջարկով հանդես գալ և ասել, որ մենք բոլորս պետք է վճարենք ազգային տուրք՝ հազար դրամ, կամ հինգ հարյուր դրամ, կամ հինգ հազար դրամ՝ այսպիսի բաղձալի ինչ-որ մի գաղափարի համար: Բոլորս հարկատու ենք, լրացուցիչ այսպիսի գործառույթ բացարձակ նախատեսված չէ»:

Փոստանջյանի խոսքով՝ խորհրդարանի քվեարկությունը, երբ ընդամենը 3 պատգամավոր դեմ քվեարկեց նախագծին, չի արտացոլում հանրության վերաբերմունքն օրենքի նկատմամբ․ - «Մենք չենք վստահում այսպիսի կառավարությանը և այսպիսի հիմնադրամներին: Մենք տեսել ենք, թե ինչպես են հիմնադրամների միջոցով գումարներ յուրացվել: Նույնիսկ եղել են դեպքեր, որ հիմնադրամների կառավարիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր․․․ Լինսի հիմնադրամ: Այսինքն մենք գիտենք, թե ինչպիսի կոռումպացված երկրում ենք ապրում»:

Մինչդեռ և՛ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, և՛ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները «Զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի քննարկումների ժամանակ վստահեցրել են, որ այս նպատակով ձևավորվելիք հիմնադրամը կգործի շատ թափանցիկ:

Օրենքի հիմնավորման տեքստում նշվում է, որ այն պետք է «ձեռք բերի հեղինակություն և վստահություն հասարակության կողմից»։

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը հակադարձում է. - «Լուրջ դեմքով խոսել այն մասին, որ այս անգամ այս գումաներից որևէ հափշտակումներ և ապօրինություններ տեղի չեն ունենալու, համոզիչ չէ: Այդ խելոք դեմքերով նման արտահայտությունները վաղուց սպառել են իրենց: Անհրաժեշտ է մարդկանց վստահությունը վերականգնել տրիվիալ, հասարակ գործողություններով»:

Կենտրոնական բանկից «Ազատությանը» փոխանցեցին, որ հիմնադրամը ձևավորման փուլում է, այժմ կազմվում է դրա խորհուրդը, որը պիտի ընտրի գործադիր մարմնի անդամներին:

Խորհրդի անդամներից 3-ին նշանակելու է կառավարությունը, 3-ին՝ Կենտրոնական բանկը, ևս 3-ը կընտրվեն արդեն նշանակված անդամների կողմից:

Թանդիլյանը հույս ունի, որ խորհրդի կազմում կհայտնվեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ թեև դա այդպես էլ օրենքում չամարագրվեց։

Իսկ մինչ այդ քաղաքացիներից արդեն գանձված գումարները կփոփանցվեն կենտրոնական գանձապետարան։

«Վերահսկողության պարտավորություն քաղաքացու վրա ես չէի դնի, բայց կդնեի հնարավորություն և իրավունք դա անելու: Այսօր քաղաքացին չունի այդ հնարավորությունը: Չկա հաշվետվություն, չկա թափանցիկություն: Եվ [խոսքը] հենց այն մասին է, որ այսօր հոգ տանի այդ հաշվեհամարը, որը բացվում է, որպեսզի կարողանա ապահովել թափանցիկ և հաշվետու, վերահսկելի տեղեկատվություն քաղաքացիների կողմից», - նշեց Թանդիլյանը:

«Ազատության» հարցախույզի համաձայն, շատերը պատրաստ են զինծառայողների կյանքի պայմանների բարելավման համար վճարել ավելի քան հազարական դրամ, միայն թե վստահ չեն, որ հավաքված գումարը կծառայի իրական նպատակին։ Հարցման մասնակիցները նաև ուշադրություն էին հրավիրում ստվերի և բյուջեից գողության վրա:

Հարցվածներից մի տղամարդ ասաց․ - «Խոսքերի ժամանակները անցել են, ու մենք պիտի գործով կարողանանք ցույց տալ: Մնում է, որ օգնությունը, կամ նպաստը, կամ ինչպես ուզում եք դա անվանեք, հասնի հասցեատիրոջը, ոչ թե նստի չինովնիկների գրպանում»:

«Թող իրանց տներից, բանկերից, գրպաններից տրամադրեն», - առաջարկեց միջին տարիքի մի կին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG