Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժշկին՝ երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու համար:
Այս տարվա հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը ժամը 3-ի սահմաններում բժիշկը փորձել էր սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջիկը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունք է ընդունվել հունվարի 16-ին, հաջորդ օրը տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որտեղ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Աղջիկը դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով` «բռնաբարության փորձ բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ` համապատասխան հաստատության աշխատակցի կողմից»: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է: