Մատչելիության հղումներ

ՀՀ պաշտպանության նախարարն Իրանում քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները


Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 31-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը, երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանն ու Հոսեյն Դեհղանին հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Նշելով, որ Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող ոլորտներից մեկը ռազմարդյունաբերությունն է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը նաև գիտական հարթությունում։

Ավելի ուշ հայկական պատվիրակությունն այցելել է նաև «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու և իրականացնելու մեջ։

Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի օրը Թեհրանում այցելել է Իմամ Խոմեյնիի դամբարան: Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Իմամի Խոմեյնիի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել Իրանի Իսլամական հեղափոխության Հոգևոր առաջնորդի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG