Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին:
«Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ կոմիտեի, մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա.Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ալբերտ Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի [զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս կամ առաջացրել է ռազմական տեխնիկայի ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ] հատկանիշներով:
«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: