Մատչելիության հղումներ

Քաղաքական հակառակորդների ջրաղացին ջուր չլցնելու համար, ըստ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանի, պետք է ուղղակի հանգիստ քննարկել, թե արդյո՞ք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը պետք է լինեն իշխանափոխ ճամբարի առաջնորդները։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Անդրեասյանն ասաց, որ կուսակցության վարչության նիստերում ինքը բարձրաձայնել է այս խնդիրը։

Անդրեասյան. - Պետք է ուղղակի հանգիստ քննարկել, թե արդյո՞ք Սեյրան Օհանյանը, որի աշխատանքային գրքույկում, արդյո՞ք Վիկտոր Դալլաքյանը, որի աշխատանքային գրքույկում դեռ Սերժ Սարգսյանի ստորագրության թանաքը չի չորացել, արդյո՞ք իրենք պետք է լինեն ընդդիմադիր, ամենաիրական իշխանափոխ ճամբարի առաջնորդները։ Ես այդ մասով ունեմ իմ կարծիքը և հայտնում եմ։

«Ազատություն». - «Համախմբում» կուսակցության ղեկավարության հետ քննարկե՞լ եք այդ հարցը, օրինակ՝ Վարդան Օսկանյանին Ձեր մտահոգությունը հայտնե՞լ եք։

Անդրեասյան. - Ես երկու վարչության նիստերի ժամանակ, մեկը՝ դեկտեմբերին, մյուսը՝ հունվարին, բարձրաձայնել եմ այս խնդիրը, որ ես ունեմ կոնկրետ վերապահում առաջնորդի հետ կապված։ Ես պնդում եմ, ես չեմ ասել, որ ես բացառում եմ, որպեսզի նրանք լինեն այս դաշինքի շուրջ, կամ համագործակցեն, ես կարծում եմ, որ այսօր ցանկացած մարդ՝ անկախ իր անցած ճանապարհից, եթե ուզում է իշխանափոխություն և օգնում է այդ ճանապարհին, տեղ ունի, և անկախ ամեն ինչից՝ մենք պետք է բոլորին թույլ տանք օգնել ընդդիմությանը հաղթել այս ընտրություններում, բայց ես բոլոր այդ վարչության նիստերին ասել եմ, որ ես վերապահում ունեմ, ես գնացել եմ կուսակցություն՝ վստահելով պարոն Օսկանյանին, իրեն տեսնում եմ առաջնորդի դերում։ Պարոն Օսկանյանն ինքը համեստորեն հաճախ ասում է՝ «ես պատրաստ եմ զիջել», և կար այլ թեկնածուների, կամ ֆորմատի քննարկում ևս։ Անկեղծ ասած, օրինակ, մենք ունեցել ենք քննարկում, և այս ամսվա կամ մեկուկես ամսվա ընթացքում շատ է քննարկվել, որ «Ժառանգություն»-ը պետք է լինի նաև այս ձևաչափի մեջ, և, օրինակ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը կարող են լինել մեկ ընդհանուր խմբում՝ մնացած բոլոր գործիչներ հետ, բայց այստեղ առաջնորդությունը լրիվ այլ է լինում։ Պատկերացրեք, երբ լինում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, ինչպիսի որոշիչ ձայն է ունենում՝ ազատական, արևմտյան արժեքները կիսող, որոշակի էսպիսի հետագիծ ունեցող մարդկանց, և անկախ նրանից, օրինակ, մի մասն էլ կարող է չհավանել Րաֆֆի Հովհաննիսյանի ճանապարհը, մյուսը՝ Վարդան Օսկանյանի, բայց ես անձամբ գտնում եմ, որ այս երկու գործիչներն իրար հետ միասին ինձ համար ազատականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ են։ Ես ուզում եմ իրենց երկուսին տեսնել առաջնագծում, իսկ իրենց հետևից կարող են գալ շատերը։

«Ազատություն». - Իսկ շանսերը ինչպիսի՞ն են, կարծո՞ւմ եք, որ այդ միացումը կամ համագործակցությունը տեղի կունենա ի վերջո՝ խոսքս Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի և «Համախմբման» մասին է։

Անդրեասյան. - Անկեղծ ասած, ինձ անընդհատ հարցնում են՝ «իսկ դու դուրս գալո՞ւ ես, իսկ դու ի՞նչ ես անելու», շարունակությունը և այլն, ես հիմա սպասում եմ այդ հարցի պատասխանին: Ինձ համար այս պահին հարցերի հարցը, որպեսզի ես հասկանամ՝ ինչպիսին է լինելու իմ հետագա քաղաքական գործունեության քայլերը, այն է՝ ինչ կորոշեն Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը հատկապես իրենց համագործակցության կամ իրենց առաջնորդության հետ կապված։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 29-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG