Մատչելիության հղումներ

Անդրեասյան. «Եթե «Համախմբում»-ը չփոխի դաշինքային ուղղությունը, կհրաժարվեմ լինել այդ դաշինքում»


Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը հայտարարում է, որ եթե «Համախմբում»-ը չփոխի դաշինքային ուղղությունը, ապա ինքը կհրաժարվի լինել այդ դաշինքում։

Հիշեցնենք, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել են նախընտրական համագործակցության մասին, որը, ամենայն հավանականությամբ, առաջնորդելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրեասյան. - Պայման եմ դրել և հիմա էլ ասում եմ, որ եթե մեր կուսակցությունը չփոխի իր դաշինքային ուղղությունը և չընտրի այնպիսի գործիչների, ինչպիսին են «Ժառանգության» կուսակցության գործիչները, ինչպիսին են «Հիմնադիր խորհրդարան»-ի, քաղաքացիական հասարակության այդ հարգված անդամները, ԳԱԼԱ կուսակցությունը նույնպես մտնում է այդ տրամաբանության մեջ, եթե մենք չփոխենք այդ ուղղությունը, ապա ես այդ դաշինքի կազմում հրաժարվում եմ լինել, և հատկապես հրաժարվում եմ տեսնել այդ դաշինքի որպես ղեկավար Սեյրան Օհանյանին։

«Ազատություն». - Ինչո՞ւ հատկապես Սեյրան Օհանյանին։

Անդրեասյան. - Վարդան Օսկանյանն արդեն ութ տարի է ընդդիմադիր կեցվածքով և ընդդիմադիր շարժման մեջ է, իսկ Սեյրան Օհանյանը ընդամենը չորս ամիս առաջ դեռևս այս իշխանական ռեժիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից էր։

«Ազատություն». - Ձեր կարծիքով՝ Վարդան Օսկանյանն անցե՞լ է այդ քավարանը։

Անդրեասյան . - Իմ կարծիքով, նախ, Վարդան Օսկանյանի քավարանն իրավական չէ, որ պետք է անցնի, և եթե այդպիսին լիներ, ես չէի լինի հիմա այդ կուսակցությունում, այսինքն՝ այն մեղադրանքները, որ հնչում էին իր հասցեին, չէին վերաբերում կոնկրետ հանցագործության, կոնկրետ իրավախախտումների։ Կար մի էսպիսի խնդիր, որի մասին իրավապաշտպանները բարձրաձայնում էին, որ ինքն այդպիսի տեքստ է ասել Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, այդ տեքստը, այդ իր դիրքորոշումը, եթե ինչ-որ մարդիկ էլ գնահատում են սխալ, դա այն սխալն է, որը կարել էր, այո, ութ տարի սիստեմատիկ չլինելով իշխանության մեջ, ինքնակամ հրաժարվելով իշխանությունից՝ ինքնամաքրվել նույնիսկ այդ սխալից։

«Ազատություն». - Ձեզ չի՞ խանգարում Մարտի 1-ի այս հատվածը։

Անդրեասյան. - Ես նորից եմ ասում՝ եթե խանգարեր այդ հատվածը, և եթե ես տեսնեի, որ նրա ութ տարիները հետագա խոչընդոտ են, որպեսզի մենք հավատանք, որ նա անկեղծ ուզում է իշխանափոխություն, ես, բնականաբար, չէի լինի նրա կողքին կանգնած։ Հիմա ես, ցավոք սրտի, արդեն դրել եմ էսպիսի մի հարց, որ մեր ճանապարհները կարող են բաժանվել, որովհետև իր հետ միասին, փոխանակ ես էլ իր հետ միասին անցնեի ավելի նոր քավարաններով, ավելի շատ ապաշխարեի մեր անցյալ ռեժիմի հետ համագործակցության կամ աշխատանքի համար, ընդ որում՝ այդ համագործակցությունը չի եղել ի չարս, մենք փորձել ենք հնարավորինս պետական ապարատում լինելով անել մեր պատկերացումներին, մեր արժեհամակարգին հարիր աշխատանք և ինչ-որ չափով ամեն մեկս դա արել ենք, բայց այլ բան է, երբ որ դու գնում ես, փոխանակ այս հանգրվանին, այս խաչմերուկում շարունակես քո աշխատանքը ավելի մաքուր հետագիծ ունեցող քաղաքական գործիչների հետ, դու հակառակ ճանապարհն ես ընտրում և միգուցե ինչ-որ պրակտիկ հաշվարկներից, պրագմատիկ հաշվարկներից, որ ավելի հաջողությամբ պսակվի քո քաղաքական աշխատանքը, իզուր տեղը քո անցած ճանապարհը նորից դնում ես հարցականի տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG