Մատչելիության հղումներ

ԶՈՒ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն


Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Հանրապետության նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ:

«Մենք շնորհակալ ենք ձեր կատարած հսկայական աշխատանքի համար, որ կոչվում է ծառայություն հայրենիքին: Առաջին հերթին մենք պետք է ոգեկոչենք այն անմահներին, ում մենք այսօր պարգևատրում ենք հետմահու: Մենք՝ մեր ողջ ժողովրդով, կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի և գոտեպնդման մեր խոսքը: Տղաներն ընկան՝ պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին և մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ ապրեն և իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարունակեն հայության դարավոր և հավերժական երթը:
Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս պահին դահլիճում են և մեր Զինված ուժերի շարքերում շարունակում են իրենց զոհված մարտական ընկերների նվիրական գործը: Իմացե՛ք, որ հայրենիքը վստահում և հավատում է ձեզ:

Մենք հպարտանում ենք ձեզնով, դուք մեր ժողովրդի արժանավոր զավակներն եք, մեր ժողովրդի ուժն ու ապավենը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը պարգևատրման հանդիսավոր արարողության մասնակիցների ներկայությամբ նաև իր շնորհավորական ուղերձն է հղել Հայաստանի ժողովրդին Բանակի օրվա առթիվ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG