Մատչելիության հղումներ

Քուվեյթի դեսպան. «Էմիրի կողմից ստացել եմ ՀՀ-ի հետ բազմակողմ կապերի զարգացմանն ուղղված հանձնարարական»


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուֆ Ալ Էնեզիին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական փոխգործակցությունը և կարևորել մեծ ներուժ ունեցող տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը:

«Առաջիկայում ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ, ուրախ կլինենք, որպեսզի երկու երկրների ներդրումային կառույցների միջև ծավալվի ակտիվ համագործակցություն: Պատրաստ ենք Ձեր միջոցով Քուվեյթի գործարարներին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերն ու ներդրումային ծրագրերի փաթեթները, կազմակերպել երկու երկրների տնտեսվարողների մասնակցությամբ հանդիպումներ ու քննարկումներ», - նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը դեսպանին առաջարկել է դիտարկել նաև Հայաստանի և Քուվեյթի միջև ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու հարցը:

Նաուֆ Ալ Էնեզին ընդգծել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն ինչ՝ հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելու և դրանք է՛լ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Դեսպանը ևս կարևորել է տնտեսական կապերի խորացումը՝ ավելացնելով, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված կլինի հայաստանյան նոր ստեղծվելիք հիմնադրամի հետ համագործակցությամբ և Հայաստանում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացմամբ:

«Պատրաստ ենք քննարկել և Քուվեյթի բիզնես հատվածին ներկայացնել կառավարության ներդրումային փաթեթները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով»,- նշել է Քուվեյթի նորանշանակ դեսպանը՝ հավելելով, որ Քուվեյթի էմիրի կողմից ստացել է Հայաստանի հետ բազմակողմ կապերի հետագա զարգացմանն ուղղված հանձնարարական, որի իրականացման նպատակով գործադրելու է անհրաժեշտ ջանքեր:

Երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում զրուցակիցները կարևորել են նաև միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG