Մատչելիության հղումներ

Ստեփան Մարգարյան. Կարեն Անդրեասյանը Սեյրան Օհանյանի հետ համագործակցությանը դեմ չի եղել


«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հայտարարում է, որ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Սեյրան Օհանյանի հետ համագործակցությանը դեմ չի եղել և այդ հարցը կուսակցությունում երբեք չի բարձրացրել։

Հիշեցնենք, Անդրեասյանը, օրերս հայտարարեց, որ եթե «Համախմբում»-ը չփոխի դաշինքային ուղղությունը, ինքը կհրաժարվի լինել այդ դաշինքում։ Նախկին օմբուդսմենը, մասնավորապես, ասաց, որ «հատկապես հրաժարվում է տեսնել այդ դաշինքի որպես ղեկավար Սեյրան Օհանյանին»։

Ավելի վաղ, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել են նախընտրական համագործակցության մասին, որը, ամենայն հավանականությամբ, առաջնորդելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Մարգարյան. - Անկեղծ ասած, մեզ բոլորիս համար անսպասելի էր Կարեն Անդրեասյանի կողմից, որ իր անհամաձայնությունը հայտնեց Սեյրան Օհանյանին։ Այսինքն՝ այն ելույթը, որ նա ունեցավ, բացառապես իրականությանը չի համապատասխանում, որովհետև «Համախմբում» կուսակցությունում ինքը չի բարձրացրել այդ հարցը՝ Սեյրան Օհանյանի հետ կապված, իսկ կուսակցությունում երբեք այդպիսի խնդիր չի քննարկվել։ Ես ափսոսում եմ և զարմացած եմ, մենք բոլորս էլ զարմացած ենք, խիստ նեղ անձնական բնույթի խոսակցություն է եղել, և Սեյրան Օհանյան անունն այդ խոսակցություններում չի եղել։

«Ազատություն». - Բայց նա երեկ ասում էր, որ համախոհներ ունի կուսակցության ներսում։

Մարգարյան. - Չգիտեմ, ճիշտն ասած, թե ինչի մասին է խոսքը, գրեթե վստահ եմ, որ նույնիսկ մասնավոր ֆորմատներում այդպիսի հարց չի քննարկվել, ինքն այդպիսի հարց չի բարձրացրել, և Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը կասկածի տակ չի դրել։ Հիմա, ինչո՞ւ է ասում դա, ինչո՞ւ է խոսում Սեյրան Օհանյանի մասին՝ ես դժվարանում եմ ասել։

«Ազատություն». - Իսկ ինչպե՞ս կհակադարձեք այս քննադատությանը՝ «չի կարելի, նույնիսկ հանուն բոլորիս երազանքների, իշխանափոխության, խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց»։ Նա նույնիսկ քավարանի մասին էր ասել, որ պետք է անցնի։

Մարգարյան. - Եթե կասի, թե ո՞ւմ մասին էր խոսքը՝ կոռումպացված, կամ չգիտեմ․․․

«Ազատություն». - Եթե ասում է, որ դեմ է, որպեսզի Սեյրան Օհանյանը գլխավորի ցուցակը, հավանաբար նրա՞ն նկատի ունի։

Մարգարյան. - Բայց ինքը կողմ է եղել։ Ես իրենից լսել եմ անձամբ։

«Ազատություն». - Ձեզ համար ամբողջովին պա՞րզ է, որ Սեյրան Օհանյանն իսկապես ընդդիմադիր դաշտում է, Դուք վստա՞հ եք։

Մարգարյան. - Այսօր Սեյրան Օհանյանը իհարկե ընդդիմադիր դաշտում է։ Սեյրան Օհանյանը բարձրաձայնում է հարցեր, որոնք համընկնում են իմ կարծիքի հետ։ Սեյրան Օհանյանը խոսում է երևույթների մասին, որոնք որպես մարտահրավերներ երկրի առաջ կանգնած են։ Հիմա ընդդիմադիր է, թե՝ ոչ ընդդիմադիր...

«Ազատություն». - Նաև ինչ-որ բաների մասին չի խոսում, օրինակ՝ Մարտի 1-ի մասին նա պարզաբանումներ չի տալիս։

Մարգարյան. - Ես կարծում եմ, որ ինքը կտա Մարտի 1-ի մասին պարզաբանումներ, բայց ասեմ ընդամենը մի բան՝ այսօրվա գործող իշխանությունը Մարտի 1-ով մնացել է իշխանության։ Հիմա խոսել Սեյրան Օհանյանի մասին, գիտե՞ք, աբսուրդ է։

«Ազատություն». - Ինչո՞ւ, ինքն էլ է մնացել։

Մարգարյան. - Ինքն էլ է մնացել, այո, ինքը ի՞նչ պետք է աներ։ Երբ որ որևէ պաշտոնյա ունենում է անհամաձայնություն այս կամ այն երևույթի մասին, ի՞նչ պետք է անի, պետք է վազի հրապարակ և միտի՞նգ անի։ Բնականաբար՝ չէ, պետք է հրաժարական տա, ի վերջո տվեց հրաժարականը։ Ապրիլյան պատերազմի մասով, գիտեմ, այդ հարցն էլ կարող եք տալ, միակ կառույցը, որ կարողացավ հերոսաբար պահել, դա բանակն էր, ուրիշ հարց, թե ինչո՞ւ էր 80-ական թվականի զենքով, ինչո՞ւ էր մնացել միայն բահը 18 տարեկան երիտասարդի ձեռքին՝ սա արդեն Սեյրան Օհանյանի խնդիրը չի, սա երկրի, ամբողջ իշխանության խնդիրն է։

«Ազատություն». - Իր ոլորտն էր հենց, պարոն Մարգարյան, իր գլխավորած ոլորտն էր, որում տեսեք կոռուպցիոն ինչպիսի ռիսկերի մասին բարձրաձայնվեց։

Մարգարյան. - Իր գլխավորած ոլորտն էր՝ կազմակերպել պաշտպանությունը, իր գլխավորած ոլորտն էր՝ բանակի ոգու վրա ազդել, կարողանալ բարձրացնել, ինչը, կարծում եմ, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բավականին բարձր մակարդակի վրա էր։ Բայց եթե բանակը չի մատակարարում, բանակը զենքի խնդիր ունի, սա արդեն, կարծում եմ, որ դժվար է միայն Սեյրան Օհանյանին մեղադրելը, եթե չգիտենք, թե քանի անգամ է նա բարձրացրել այդ հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG