Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն կորցրեց իր «ընտրությունների կեղծիքները կազմակերպելու ամենակարևոր օղակը»


Հովիկ Աբրահամյան, արխիվ:

Հանրապետական կուսակցությունը կսպասի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությանը, թե ինչու է որոշել լքել կուսակցության շարքերը:

«Այս պահի դրությամբ ես ավել բան չեմ կարող ասել, քան սպասենք: Վաղը պարոն Աբրահամյանը հայտարարությամբ կամ խոսքով հանդես կգա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Հարցին, թե տարօրինակ չէ արդյոք, որ իշխող կուսակցության առանցքային անդամներից մեկի հեռանալու մասին իրենք տեղեկացել են մամուլից, Սահակյանն արձագանքեց․ - «Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր քայլերի, իր անելիքների հետ կապված ինչպիսի գործունեությամբ զբաղվի, երբ, որտեղ և ինչպես: Հետևաբար, տարօրինակ լինելու կամ չլինելու հետ կապված հարցը, կարծեմ, այդքան էլ ակտուալ չպետք է լինի, որպեսզի մենք քննարկենք»:

Ընդդիմադիրների համար, մինչդեռ, Աբրահամյանի հեռանալը տարօրինակ չէր:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հովիկ Աբրահամյանի հեռանալը Հանրապետականից անսպասելի չէր, քանի որ վարչապետը «վաղուց հակամարտության մեջ էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ»․ - «Դեռևս սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ Ազգային ժողովում ունեցած իմ ելույթում ես խոսել եմ Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի հակամարտության մասին: Այդ հակամարտությունը դրանից առաջ էլ իր տեղն ուներ և կապված էր Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի հետ»:

Թեև Հովիկ Աբրահամյանն այսօր հրաժարվեց պատասխանել հարցին, թե միանալու է արդյոք «Բարգավաճ Հայաստանին» կամ որևէ այլ ընդդիմադիր ուժի, Գագիկ Ծառուկյանի խոսնակը, այնուամենայնիվ, չբացառեց, որ նախկին վարչապետը կարող է սատարել ընդդիմադիր դաշինքին:

Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ հետաքրքիր կլինի Հովիկ Աբրահամյանին տեսնել ընդդիմադիր դաշտում․ - «Մեր քաղաքական խնդիրն է ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլև Սերժ Սարգսյանին տեսնել ընդդիմադիր դաշտում, և նրանց բոլոր քաղաքական համախոհներին և թիմակիցներին:Եվ մեր դաշինքը իր քաղաքական խնդիրը հենց այդպես էլ ձևակերում է»:

Եթե Աբրահամյանը ընդդիմադիր գործունեություն ծավալի, Փաշինյանը նրա հետ համագործակցության եզրեր չի տեսնում:

Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններից առաջ ձևավորված մեկ այլ դաշինքի՝ Օսկանյան - Օհանյան միավորման վերաբերյալ ևս Փաշինյանի դիրքորոշումը կոշտ է: Նա համաձայն է Զարուհի Փոստանջյանի հետ, ով ավելի վաղ պնդել է, որ երկու նախկին նախարարները պետք է նախ ընդունեն, որ մեղավոր են Մարտի 1-ի համար:

«Փոստանջյանը ճիշտ է ասում: Այսինքն չեմ պատկերացնում Վարդան Օսկանյանի հետ համատեղ քաղաքական գործունեություն ծավալել: Նրանց, ում հետ պատկերացնում եմ, նրանց հետ համատեղ քաղաքական հուշագիր ենք ստորագրել», - ասաց Փաշինյանը:

Փոխարենը դեռ փակված չէ «Ժառանգության» հետ հնարավոր համագործակցության էջը, քանի որ, ինչպես նշեց Փաշինյանը, «Ժառանգությունը» գաղափարակից ուժ է․ - «Հիմա «Ժառանգությունը» պետք է իր դիրքորոշումը արտահայտի: «Ժառանգությունը», ըստ նաև իրենց հայտարարությունների, իրենց տեսնում է ընդարձակ տարբեր ֆորմատների մեջ, և դաշինքը չի տեսնում իրեն այդպիսի ընդարձակ ֆորմատների մեջ: Որովհետև «Ելք» դաշինքը քաղաքական բևեռ է ձևավորում և ինքը չի կարող իրեն այլ դիրքի մեջ դնել: Եթե «ժառանգության» մեր գործընկերները հետաքրքրված են մեր օրակարգով, մենք, բնականաբար, հասկանալիորեն կարող ենք և պատրաստ ենք այդ հարցը քննարկել»:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտոսյանի խոսքով՝ դեռ քննարկում են ընտրություններին մասնակցելու հնարավոր սցենարները՝ կգնան մենակ, կմիանան «Ելք»-ին, Օսկանյան-Օհանյան, թե Ծառուկյան դաշինքին, դեռ չեն որոշել: Սակայն, ըստ Մարտիրոսյանի, միանշանակ է, որ Ծառուկյան դաշինքը ոչ թե կշահի, այլ կկորցնի, եթե նախկին վարչապետ Աբրահամյանը համալրի նրանց շարքերը. - «Բայց մի բան կա, որ ես իսկապես դրական եմ գնահատում: Պարոն Աբրահամյանի հեռանալը շատ կարևոր է այն առումով, որ ըստ էության Հանրապետական կուսակցությունը կորցրեց իր ընտրությունների կեղծիքները կազմակերպելու ամենակարևոր օղակը: Որովհետև պարոն Աբրահամյանը վերջին բոլոր ընտրությունների շտաբի պետն է եղել, համակարգողն է եղել՝ հրապարակային, ոչ հրապարակային: Բոլորս դա գիտենք»:

Մարտիրոսյանը չի կարող պատկերացնել Աբրահամյանին որպես ընդդիմադիր. - «Որքան էլ նախկին պաշտոնատար անձինք սխալներ ունենում են, և պետք է հնարավորություն ընձեռվի իրենց այդ սխալները ուղղել: Բայց, կարծում եմ, պարոն Աբրահամյանի սխալների ծավալը այնքան մեծ է և համակարգային է, որ որքան էլ ես քննադատվեմ նախկին պաշտոնյաների հետ համագործակցության համար, ազնվորեն պարոն Աբրահամյանի հետ չեմ տեսնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG