Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից


Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետականի խորհրդի նիստում հայտարարում է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին, Երևան, 13-ը ապրիլի, 2014թ.

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը իշխող կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել: Այսօր «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց նախկին վարչապետը:

«Այո, որոշում եմ կայացրել, ՀՀԿ-ից դուրս եմ գալիս, վաղը կլինի իմ հայտարարությունը», - «Ազատության»-ը փոխանցեց Հովիկ Աբրահամյանը:

Աբրահամյանը, ում 59-ամյակը լրացավ այսօր, ոչինչ չասաց, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել, ինչպես նաև հրաժարվեց պատասխանել այլ հարցերի, այդ թվում՝ արդյո՞ք անդամակցելու է «Բարգավաճ Հայաստան»-ին կամ այլ կուսակցության:

Նախկին վարչապետը 2012 թվականից իշխող կուսակցության բարձրագույն կառույցի՝ գործադիր մարմնի անդամ էր, ղեկավարում էր կուսակցության քաղաքական հանձնաժողովը և նախագահ Սերժ Սարգսյանից հետո համարվում էր ՀՀԿ ամենաազդեցիկ ներկայացուցիչը:

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Ազգային ժողովի նախագահ, վարչապետ և նախագահի աշխատակազմի ղեկավար աշխատած Հովիկ Աբրահամյանը 2008, 2012 և 2013թթ․ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀԿ նախընտրական շտաբները:

Բարձրաստիճան հանրապետականները պնդում են, թե իրենց համար անակնկալ էր Աբրահամյանի նման քայլը: Մինչև կեսօր նշում էին, որ որևէ տեղեկություն չունեն կուսակցությունից Աբրահամյանի դուրս գալու մասին:

«Ես նման տեղեկություն չունեմ։ Նման դիմում չեմ ստացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը, ով նաև կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահն է, «Ազատության»-ը փոխանցեց, որ գործադիր մարմնի անդամները նախկին վարչապետի քայլի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից:

«Ազատություն». - Հաստատվեց տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանը դիմում է ներկայացրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին, Դուք դիմումը ստացե՞լ եք։

Թադևոսյան. - Ես դիմումը չեմ ստացել, երբ որ կստանանք, կքննարկենք շարժառիթները կհասկանանք, ապա նաև կմեկնաբանենք։ Առայժմ այսքանը։

«Ազատություն». - Հարցը քննարկվե՞լ էր կուսակցության ղեկավար կազմում։

Թադևոսյան. - Ոչ, չի քննարկվել։

«Ազատություն». - Ձեզ համար անակնկա՞լ էր այս որոշումը։

Թադևոսյան. - Իհարկե։

«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, պատճառը ո՞րն էր։

Թադևոսյան. - Չեմ կարող մեկնաբանել, մինչև պարոն Աբրահամյանի հետ չզրուցենք։

«Ազատություն». - Այս հինգշաբթի կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի, խորհրդի նիստերին պարոն Աբրահամյանը ներկա կլինի՞։

Թադևոսյան. - Կտեսնենք, չեմ կարող ասել։ Կզրուցենք իր հետ, կպարզվի, ներկա կլինի, թե՞...

«Ազատություն». - Իսկ կուսակցությունում տարաձայնություններ կայի՞ն Հովիկ Աբրահամյանի հետ։

Թադևոսյան. - Չէ, տարաձայնություններ չենք ունեցել, աշխատանքներն ընթացել են շատ նորմալ, փոխհարաբերությունները եղել են մարդկային, կուսակցական և պաշտոնական։

«Ազատություն». - Այդ դեպքում, ինչո՞ւ որոշեց նման քայլի դիմել։

Թադևոսյան. - Վերադառնում եք Ձեր նախորդ հարցին, որին ես պատասխանեցի՝ երբ որ իրեն կտեսնենք, կզրուցենք, կարծիքներ կփոխանակենք, կարող ենք մեկնաբանել։

«Ազատություն». - Ինչո՞ւ կուսակցության գործադիր անդամներին տեղյակ չէր պահել և դուք մամուլից եք իմանում, որ դուրս է եկել։

Թադևոսյան. - Այդ հարցն ուղղեք պարոն Աբրահամյանին։ Երբ որ տեսա պարոն Աբրահամյանին, նույն հարցը կուղղեմ իրեն, պատասխանը, հուսով եմ, կստանամ։

Երկու օրից կայանալու են ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերը, և սպասվում է, որ հայտնի կդառնա, թե այս անգամ ով է գլխավորելու ՀՀԿ նախընտրական շտաբը, ինչպես նաև կհստակեցվի հանրապետականների նախընտրական ցուցակը, կընտրվի նաև կուսակցության նոր ղեկավար կազմը: Հատկանշական է, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ն թողնելու որոշում կայացրեց այդ նիստերի նախօրեին:

ՀՀԿ-ն թողնելու Աբրահամյանի քայլից առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ նա օրերս Սոչիում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, բացի այդ՝ գրվեց, որ օտարերկրյա ուղևորություններից մեկի ժամանակ ինքնաթիռում մոտ 40 րոպե առանձնազրույց է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հովիկ Աբրահամյանի հետ խնամիական կապեր ունեցող Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն այսօր, ըստ էության, չբացառեց, որ Աբրահամյանը կարող է տեղ ունենալ «Ծառուկյան դաշինքում»:

«Ազատություն». - Հովիկ Աբրահամյան - Գագիկ Ծառուկյան հանդիպում վերջին շրջանում եղե՞լ է և, եթե եղել է, ի՞նչ են քննարկել։

Տոնոյան. - Վերջին մի քանի օրերի ընթացքում անընդհատ ռեժիմով, յուրաքանչյուր օր շուրջ երկու տասնյակ հանդիպումներ է Գագիկ Ծառուկյանն ունենում տարբեր քաղաքական կուսակցությունների, անհատների, գործիչների, ինչպես նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, դրանք կարող են լինել ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, ծրագրավորողներ և այլն։ Թե կոնկրետ Հովիկ Աբրահամյան հետ վերջին շրջանում ե՞րբ է հանդիպել Գագիկ Ծառուկյանը, կամ ի՞նչ թեմաներ են քննարկվել, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց, բնականաբար, չեմ կարող նաև բացառել, որ նմանատիպ հանդիպումներ հնարավոր է, որ եղած լինեն։

«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Հովիկ Աբրահամյանը տեղ գտնի «Ծառուկյան դաշինք»-ում, և այդ թիմով մասնակցեք ընտրություններին։

Տոնոյան. - Իմ մասնագիտական գործունեության ընթացքում երբևէ ես կանխատեսումներով չեմ զբաղվել, այնպես որ սպասեք պաշտոնական տեղեկատվություններին, որոնք ես, լինելուն պես, սիրով կտրամադրեմ Ձեզ։

Հիշեցնենք՝ մոտ երկու տարի առաջ, երբ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց Գագիկ Ծառուկյանին՝ նրան անվանելով «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ», նույն նիստում իր կարծիքն արտահայտեց նաև Հովիկ Աբրահամյանը: «Ես, իհարկե գտնում եմ, որ ես ինքս մեծ անելիքներ ունեմ, և անելու եմ գործնականում՝ օգտագործելով նաև իմ վարչական լծակները, վարչապետի լիազորությունները, և այն մարդիկ ովքեր առաջին մեկ, երկու, երեք անգամ ասելուց չեն հասկանում, ուրեմն մի քանի անգամ պետք է ասենք և մի հատ էլ բամփենք», - ասաց Աբրահամյանը։

Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ դաշինք կազմող «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում չի եղել: «Որևէ բանակցություն չի եղել», - ասաց Մարգարյանը՝ շարունակելով. - «Մենք հարգում ենք իրեն, Ազգային ժողովի նախագահ է եղել, վարչապետ է եղել։ Ուրիշ քննարկում չի եղել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG