Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանին «միտումնավոր զրկում են ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»


Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճում, արխիվ:

Կես տարի բանտում գտնվող ընդդիմադիր «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբանն ու կինը ահազանգում են, որ, շարունակելով կալանքի տակ պահել քաղաքական գործչին՝ իշխանությունների քաղաքական պատվերն է կատարվում, նաև խոչընդոտվում է նրա՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը։

Փաստաբան Կարեն Մեժլումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Անդրիաս Ղուկասյանին, բայց իրենք նամակին դրական պատասխան տալ չեն կարող․ - «Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իսկ հրավեր է ուղարկել նրան, որպեսզի հունվարի 20-ից սկսված քննարկումներին մասնակցի, որպեսզի ցուցակ կազմվի և այլն: Սա մենք ներկայացրել ենք և՛ դատախազություն, և՛ դատարան ենք վաղը ներկայացնելու, որպեսզի նրան չզրկեն այդ հնարավորությունից»:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է ամռանը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստկանության ՊՊԾ գնդի գրվաման օրերին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Այս գործով անցնող մյուս քաղաքական գործիչները, ովքեր մասնակցում էին հուլիսի 29-ի բողոքի ակցիային, մասնավորապես, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը գրավի դիմաց ազատ արձակվեցին:

Ղուկասյանի փաստաբանը փոխանցեց նաև, որ արդեն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով արագացված ընթացակարգով անդրադառնալ Ղուկասյանի գործին, այդ թվում և առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությունը խոչընդոտելու հարցին․ - «Սա ամենաբարձր մակարդակով պատվիրված է, որ Անդրիաս Ղուկասյանին պետք է փակի տակ պահեն: Ու այսօր քաղաքական այդ նպատակով, որպես քաղբանտարկյալ նրան պահում են: Առաջին խնդիրը հենց այս խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց զրկելն է»:

Անդրիաս Ղուկասյանն իր հերթին երեկ փաստաբանի միջոցով բանտից նամակ է տարածել՝ հայտարարելով, թե չի պատրաստվում վաղը մասնակցել իր կալանքի ժամկետը երկարացնելու դատական նիստին՝ այն որակելով ձևական:

Նա նաև ուշադրություն է հրավիրում միջադեպի տեսագրությանը, որը, Ղուկասյանի խոսքով, մինչև հիմա դատարանները անտարբերության են մատնել։ Դրանում, ինչպես պնդում են Մեժլումյանն ու նրա կինը, հստակ երևում է, որ Ղուկասյանը հանդարտեցման կոչ է անում։ Մինչդեռ գործով անցնող ոստիկանները հակառակն են պնդում։

«Ինչպես ամբողջ այդ ընթացքում եղել են սադրիչներ, որոնք փորձել են ժողովրդին իջեցնել Սարի թաղի հատվածից դեպի ՊՊԾ գնդի հատված, մեր տղաները ամեն կերպ խոչընդոտել են դրան, թույլ չեն տվել, և ժողովուրդը չի էլ գնացել: Եվ հանկարծ, երբ որ արդեն այդ հարձակումը ոստիկանների կողմից սկսվում է, նույն այդ սադրիչները, որ մինչև այդ ասում էին՝ ժողովուրդ, եկեք գնանք ՊՊԾ գունդ, որ վազելով գնում էին այդ ուղղությամբ, որ ժողովուրդը գնա, մահակները հանում, սկսում են ժողովրդին ծեծել»:

Ղուկասյանի փաստաբանը շեշտում է, որ կալանավորումից առաջ Ղուկասյանին բարձրաստիճան ոստիկաններից մեկը հորդորել է ակտիվ չլինել․ - «Նախ նրան զգուշացրած եղել են հուլիսին՝ մի՚ ակտիվացիր, թե չէ քո հետ վատ է լինելու: Շատ բարձրաստիճան ոստիկաններ: Զգուշացումը կա, զանգը ֆիքսված ա: Զանգ եղել է»:

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը հույս չունի, թե ամուսնուն հատկապես ընտրություններից առաջ ազատ կարձակեն․ - «Ես ոչ թե կարծում եմ, այլ փաստերով ենք տեսնում, որ արդեն երրորդ անգամ է, քննչական մարմինը մտնում է դատարան, որպեսզի հետաձգեն իր անազատությունը: Եվ, իհարկե, այս պարագայում կարող ենք ասել, որ պարզապես որոշում են երկարացնել իր ձերբակալությունը՝ հենց հեռու պահելով քաղաքական այս պրոցեսից»:

Վաղը կայանալիք դատական նիստին Ղուկասյանի փաստաբանը հերթական անգամ կմիջնորդի գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG