Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տեղեկացնում է, որ ՍԱՊԾ պետի հրամանով, արգելվել է թռչնամսի ներմուծումը Իրանից։
Ըստ հաղորդագրության, Իրանում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով՝ ժամանակավորապես արգելվել է այդ երկրի Ղազվին, Թեհրան, Քերմանշահ, Գիլան, Մերքեզի և Գոլեստան նահանգներից Հայաստան` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը։
Ծառայությունը նշում է, որ արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը ներմուծված նշված ապրանքների վրա: