Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն հունվարի 26-ին խորհրդի նիստ կգումարի, որտեղ խորհրդի նոր կազմ կընտրի։

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը կգումարի խորհրդի նիստ, դա տեղի կունենա հունվարի 26-ին՝ հաջորդ հինգշաբթի օրը, գործադիր մարմնի նիստից հետո։ Մենք այստեղ՝ դիմացի դահլիճում, կգումարենք Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստ, որտեղ կընտրվի խորհրդի նոր կազմ, և, բնականաբար, նաև այն բոլոր օրակարգային հարցերը, որոնք որ կընդգրկվեն, մենք ձեզ կներկայացնենք», - հինգշաբթի օրը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցին, իշխող կուսակցության խոսնակն ասաց, որ պատրաստ են օրենքով սահմանված կարգով ազատ, թափանցիկ պայմաններում մրցակցել բոլոր այն քաղաքական ուժերի, դաշինքների, գործիչների հետ, ովքեր կմասնակցեն ապագա խորհրդարանական ընտրություններին։

«Վերադարձի հետ կապված ձեզ իմ գնահատականը հնչեցրել եմ: Մրցակից տեսնո՞ւմ ենք, թե՞ չենք տեսնում․ մենք բոլոր քաղաքական ուժերին, անկախ նրանց ազդեցությունից, անկախ նրանց կենսագրությունից, անկախ նրանց գաղափարախոսությունից, բոլոր այն քաղաքական ուժերը, դաշինքները, գործիչներն, ովքեր կմասնակցեն ապագա խորհրդարանական ընտրություններին, մենք պատրաստ ենք նրանց հետ օրենքով սահմանված կարգով, ազատ, թափանցիկ պայմաններում մրցակցել, և հանրությունն ապրիլի 2-ին կորոշի՝ ում ձայն տալ», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Մենք ազատ մրցակցության կողմնակից ենք, մեկ անգամ չէ, որ Հանրապետականը նշել է ժողովրդավարական արժեքների դավանելու մասին, մենք ասել ենք, որ ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, քան՝ մրցակցություն, որը բաց է մասնակցության համար։ Հատուկ ձեր նշած գործչին չենք թիրախավորել, որ մեզ համար առանձին ինքը ընդունելի գործիչ է, ընդունելի չի, մեր պրոյեկտն է, պրոյեկտը չէ... անկախ ձեր նշած գործչի և իր ղեկավարած հնարավոր դաշինքի ծրագրերից, մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, գնալու ենք մեր քաղաքական օրակարգով, և նրա վերադարձը քաղաքականություն Հայաստանի հանրապետական կուսակցության հաջողության ո՛չ չափսերն է պակասեցրել, ո՛չ էլ մարտավարության ու ռազմավարության մեջ փոփոխություն է մտցրել»։

Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը 2015 թվականին ասաց, որ ինքն է արգելել օգտագործել «Դոդի Գագո» մականունը, և հարցին, թե այդ արգելքն ուժի մե՞ջ է, Շարմազանովը պատասխանեց. - «Հարցրեք նրանց, ովքեր այդ տերմինն օգտագործել են։ Ինձ մոտ գործում է բարոյական արգելքը, ինձ մոտ արգելքները շատ նորմալ դրված են՝ ինչն է կարելի, ինչը՝ չէ»։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ կարծիք ունի Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի մասին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Իմ կարծիքները չեն փոխվել երևույթների մասին։ Իմ կարծիքը՝ կախված գործչից, կախված է նրա գործունեությունից։ Բոլոր այն գործիչները, ովքեր կիրականացնեն քաղաքական գործունեություն, քաղաքական մշակույթի, քաղաքական կուլտուրայի, քաղաքական կոռեկտության շրջանակներում, իմ կողմից կարժանանան միայն ու միայն հարգանքի, անկախ նրանից՝ նրանք ընդդիմադիր դաշտում են գործում, թե՝ իշխանական։ Բոլոր այն գործիչները, որոնք քաղաքական մրցակցության մեջ կգնան զոռբայության, կգնան ոչ-կոռեկտության, ոչ-քաղաքական մշակույթի ճանապարհով, բնականաբար, անկախ կուսակցական պատկանելիությունից՝ նրանք իշխանություն են, թե՝ ընդդիմություն, նրանք իմ կողմից կարժանանան ոչ դրական և հիացական խոսքերի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG