Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան․ «Չեմ բացառում, որ ապրիլի 2-ին ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն»


Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, արխիվ
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, արխիվ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ ապրիլի 2-ին ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն:

«Ազատությանը» տված հարցազրույցում Հարությունյանը, ով Ընտրական նոր օրենսգրքի համահեղինակներից է, մասնավորապես նշեց․ - «Ես երբևէ չեմ կարող բացառել, որ կարող են լինել նաև նոր առաջարկություններ: Այս պահին որևէ քննարկում չկա, բայց ես չեմ բացառում, հատկապես եթե խոսքը վերաբերում է տեսախցիկներին: Քանի որ մրցույթը կայացել է այսօր և եղել է ընդամենը մեկ առաջարկություն: Ինչպես գիտեք, այդ մրցույթը՝ գնման գործընթացը, կազմակերպում է բազմակողմ հանձնաժողովը, որտեղ ներկայացված են խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը՝ այդ թվում իշխանությունը: Ընդ որում, այն գործում է հավասար սկզբունքով՝ իշխանություն և ընդդիմություն: Գնման ընթացքում տեղի է ունեցել ընդամենը մեկ հայտ, մեկ առաջարկություն, և դրանով պայմանավորված, ամենայն հավանականությամբ, կսկսվեն նոր քննարկումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկությունը, որը ներկայացվել է այդ մեկ մասնակցի կողմից, անհամեմատ ավելի բարձր գին է, քան մենք հնարավորություն ունենք այսօր»:

«Ազատություն»․ - Ձեզ ճի՞շտ հասկացա, որ զուտ այդ պատճառով հնարավոր է, որ տեսախցիկներ չլինեն ընտրությունների օրը:

Դավիթ Հարությունյան․ - Տեսախցիկների հարցը երբևէ չի ամրագրվել Ընտրական օրենսգրքում որպես պարտադիր պահանջ, այն ֆակուլտատիվ՝ լրացուցիչ պահանջ է, և, բնականաբար, կախված էր, թե ինչ գին կառաջարկեն այն կազմակերպությունները, որոնք դա պետք է իրականացնեն, որովհետև, եթե տեխնիկական սարքերը և գրանցումը դա պարտադիր պահանջ է՝ բացառությամբ այն դեպքի, երբ նրանք ուղղակի չաշխատեն՝ տեխնիկական խափանման պատճառով, ապա տեսախցիկները և տեսանկարահանումը, ուղիղ հեռարձակումը՝ սրանք ֆակուլտատիվ պահանջներ են, և մենք հանձն էինք առել գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի այդ գործընթացը հաջողությամբ պսակվի: Դրանով էր պայմանավորված, որ ստեղծվեց այդ բազմակողմ հանձնաժողովը: Ընդ որում, հավասար ձայներով՝ իշխանություն և ընդդիմություն: Գործընթացը այսօր էլ վարում է այդ հանձնաժողովը, և տեսնենք, թե ինչ եզրահանգումների կհասնի այդ հանձնաժողովը:

«Ազատություն»․ - Բացառել ոչինչ չի՞ կարելի, և հնարավոր է, որ տեսախցիկներ չլինե՞ն ապրիլի 2-ին ընտրատեղամասերում:

Դավիթ Հարությունյան․ - «Ես չեմ կարող դա բացառել, այո»:

«Ազատություն»․ - Ընդդիմությունում տեղյակ են այդ զարգացումներից․․․

Դավիթ Հարությունյան․ - Ընդդիմադիր մեր գործընկերները լիովին ներկայացված են այդ հանձնաժողովում և շատ ակտիվ աշխատում են: Որոշումներին հանգելու ենք, ինչպես միշտ, կոնսենսուսով՝ համատեղ քննարկումների արդյունքում:

«Ազատություն»․ - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը օրերս հանդես եկավ զեկույցով, ուր բարձրաձայնում է Հայաստանի նոր ընտրական համակարգին առնչվող մտահոգությունները: Մտահոգություններից մեկը այն է, որ հնարավոր է՝ վարչական ռեսուրս օգտագործվի ընտրական տարածքային ցուցակների հետ կապված: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Դավիթ Հարությունյան․ - ԺՀՄԻԳ-ը իր զեկույցում չի նշում նման մտահոգություն: Այն նշում է, որ տեղացի գործընկերները հաճախ նշում են նման մտահոգության առկայության մասին, ինչը նշանակում է նաև այն հասարակական կազմակերպությունները, որոնք մշտապես քննադատում են իշխանություններին և բնական է, որ նրանք կարող են նաև նման մտահոգություններ հնչեցնել, իսկ ԺՀՄԻԳ-ը, որպես օբյեկտիվ կառույց, ներկայացնում է, որ նման մտահոգություններ հնչել են:

«Ազատություն»․ - Այդ մտահոգությունները որքանո՞վ են տեղին: Արդյոք տարածքային ցուցակների գոյությունը չի՞ նշանակում, որ շեղում կա զուտ համամասնական ընտրակարգից:

Դավիթ Հարությունյան․ - Տարածքային ցուցակների առկայությունը ոչ միայն չի նշանակում շեղում, այլ դա համամասնական համակարգի առավել տարածված եղանակներից մեկն է, որը համարվում է առավել ժողովրդավարական: Ավելին, եթե խոսքը վերաբերում է տարածքային բաց ցուցակների, իսկ մեզ մոտ հենց բաց ցուցակների համակարգն է:

«Ազատություն»․ - Դուք ռիսկեր տեսնո՞ւմ եք, որ վարչական ռեսուրս կարող է օգտագործվել տարածքային ցուցակներրի դեպքում:

Դավիթ Հարությունյան․ - Վարչական ռեսուրսը ցանկացած ընտրությունների ժամանակ կարող է օգտագործվել՝ անկախ նրանից դա համամասնական համակարգ է, տարածքային ցուցակներ են, թե մեծամասնական համակարգ է, թե մաքուր 100 տոկոսանոց համամասնական՝ այն համեմատաբար հետադիմական մոդելն է, որ որոշ երկրներում դեռ պահպանվել է: Այսինքն, վարչական ռեսուրսը կարող է օգտագործվել, դա բացասական երևույթ է և, նորից եմ կրկնում, այն ամենևին չի շաղկապվում տարածքային ցուցակների առկայության կամ բացակայությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG