Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն չի հաստատում Էջմիածնի քաղաքապետի դեմ «սպանության փորձ կատարելու հանգամանքը»


Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, արխիվ

Քննչական կոմիտեն, քննելով Էջմիածին քաղաքում ՏԻՄ ընտրությունների նախօրեին հնչած կրակոցների և ավագանու թեկնածուի առևանգման գործը, եզրակացրել է՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, նրա եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքը չի հաստատվել։

Մինչդեռ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, շարունակում է պնդել՝ ամիսներ առաջ իրենք հարձակման են ենթարկվել և իր ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց քաղաքապետի մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանը:

«Իմ ասածին ի՞նչն է հակասում, ի՞նչը ճիշտ չէ: Որ ավտոն քաշել են՝ դիմացը փակել են, դա՞ է սուտ, թե՞ որ կրակել են: Քաղաքապետը Ձեր ուղիղ եթերում ինչ ասել է՝ ամեն ինչ պնդում է նույնությամբ», - հավելեց Վարդանյանը:

Նախաքննական մարմինը, մինչդեռ, հաստատել է, որ հենց Կարեն Գրիգորյանի թիմակիցներն են հարձակում գործել քաղաքապետի մեկ այլ թեկնածու Արթուր Թումանյանի և ընկերոջ՝ Ստեփան Աբգարյանի վրա, նրանց ծեծի ենթարկել։

Մինևնույն ժամանակ, քննիչները նաև հաստատել են, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու կողմնակիցներն են առևանգել ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանին։

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն այսօր խիստ զբաղված էր, փոխանցեց Վարդան Վարդանյանը՝ հրաժարվելով նրա հետ հանդիպում կազմակերպել։ Հորդորեց՝ սպասել դատական նիստերին։

Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի պատճառը ընտրություններն էին։ Կարեն Գրիգորյանի մրցակից Արթուր Թումանյանն ու նրա ընկերները՝ Ստեփան Աբգարյանը և ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանը հայտարարում էին, թե ենթարկվում են քաղաքական հետապնդման։ Թումանյանի փաստաբան Արմինե Հարությունյանը պնդում է՝ քրեական պատասխանատվությունից դուրս է մնացել առաջին հերթին իշխող Հանրապետականի ներկայացուցիչ, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Իրենց բողոքն այս մասին նախաքննական մարմինը մերժել է։

«Նախաքննության ընթացքում ես միջնորդություններ եմ ներկայացրել անձանց մեղադրանք առաջադրելու և քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ՝ Կարեն Գրիգորյանի և Արման Գրիգորյանի մասով», - նշեց փաստաբանը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում արդեն մեկնարկել է ավագանու առևանգված անդամի գործով դատավարությունը: Այս գործով մեղադրվում են էջմիածնի քաղաքապետի մերձավորներ Կարեն Արմենակյանը և Արամ Գրիգորյանը, Արսեն Կարապետյանը և Արթուր Ամիրխանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG