Հայաստանի Հանրապետությունը ներառվել է 2017 թվականի ՄԱԿ-ի Պատվո ցանկում (Honour roll)՝ կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, այս ամիս Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 151 հազար 338 ամերիկյան դոլար՝ որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2017-ի տարեկան անդամավճար:
Պատվո ցանկում ընդգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները։
Հունվարի 10-ի դրությամբ Պատվո ցանկում ներառված էր ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից միայն 9-ը: