Մատչելիության հղումներ

Տնտեսագետները կասկածի տակ են առնում ԱՎԾ-ի հաշվարկների ճշգրտությունը


Ազգային վիճակագրական ծառայության տնօրենի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը, արխիվ:

Հայաստանյան տնտեսագետների պնդմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա աճի ցուցանիշների շուրջ Կառավարության և Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հակասությունները վկայում են, որ նախորդ տարիներին էլ ճիշտ հաշվարկ չի իրականացվել:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ 2016-ի օգոստոսին արձանագրված շուրջ 10 տոկոսի աճից հետո գյուղատնտեսության ոլորտում սեպտեմբերին և հոկտեմբերին արձանագրվել է համապատասխանաբար 20 և 30 տոկոսի անկում, իսկ նոյեմբերից աճը շարունակվել է:

Սա, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի գնահատմամբ, խոսում է ոչ հավաստի հաշվարկի մասին․ - «Տարերային աղետներ չեն եղել ո՛չ սեպտեմբերին, ո՛չ հոկտեմբերին: Գուցե մի քիչ ավելի շատ կամ մի քիչ ավելի քիչ է հավաքվել, քան անցած տարի, բայց երեսուն կամ քսան տոկոսի անկում գործնականում չի եղել, չի կարող նման բան լինել»:

Ամփոփելով անցած տարին՝ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ 2016-ը կփակվի 0.5 տոկոս տնտեսական աճով՝ չնայած, որ բյուջեով նախատեսված էր 2.2 տոկոսի աճ:

Նախարարի պնդմամբ, նախատեսվածից ցածր աճի հիմնական պատճառը գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշների հաշվառումն էր: Նրա խոսքով՝ եթե սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին իսկապես լիներ այնպիսի անկում, ինչպիսին արձանագրել էր վիճակագրական ծառայությունը՝ ապա գյուղմթերքի գների կտրուկ տատանում պետք է լիներ․ - «Բոլոր այն տարիները, որտեղ դիտվել է գյուղատնտեսությունում կտրուկ անկում, գները անմիջապես արձագանքել են: Բայց մենք այդ գնային բարձր խումբ չենք ունեցել ո՛չ սեպտեմբերին, ո՛չ հոկտեմբերին: Եվ դա մեզ հիմք է տալիս փաստելու, որ սա հիմնականում հաշվառման խնդիրն է»:

Ազգային վիճակագրական ծառայությունից, մինչդեռ, ոչ ճշգրիտ հաշվարկի մեղադրանքը չեն ընդունում: ԱՎԾ-ի տնօրենի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը «Ազատության» հարցին ի պատասխան նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ մրգերի գների էական փոփոխություն եղել է՝ չպնդելով այդուհանդերձ, թե նախարարի դիտարկումը սխալ էր․ - «Ոչ թե հաշվառման խնդիր է եղել: Համեմատած մյուս տարիների հետ, սեզոնայնության ինչ-որ տեղափոխության խնդիր է եղել, այսինքն՝ բերքի հավաքման շուտ կամ ուշ սկսելու արդյունքում է եղել որոշակի: Բայց ընդհանուր արտադրության անկում կա»:

Վիճակագրական ծառայության հաշվարկներին նախօրեին իր ասուլիսում անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, իրենք հիմա էլ վստահ չեն, որ գյուղատնտեսության վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը ճիշտ է, իսկ պատճառը, ըստ վարչապետի, համայնքներից փոխանցվող տեղեկատվության ոչ վստահելի լինելն է․ - «Ինչո՞ւմ է գյուղատնտեսության խնդիրը: Ոչ թե, որ դիտավորյալ է արվում, հատուկ է արվում: Ուղղակի տեղի ինֆորմացիայի հավաքագրման աղբյուրները այսօր այն են, ինչ որ մենք ունենք: Այդտեղ սուբյեկտիվ գործոնի ֆակտորը մեծ է: Ուռճացված է եղել թե չի եղել՝ էկեք ես դրա գնահատականը չտամ: Բայց որ մենք այս պահին փորձում ենք մաքսիմալ կոնտրոլ անել, բլոկներ դնել, որպեսզի ինֆորմացիան ռեալ գա, որ մենք հասկանանք ինչ է, մենք դա անում ենք»:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը հակադարձում է, թե չի կարող համայնքներից փոխանցվող տեղեկատվությունը 20-30 տոկոս անկման չափով տարբերություն առաջացնել․ - «Բոլոր գյուղապետերը ու բոլոր մարզպետները ձգտում են ցույց տալ շատ բերք․․․ Այդտեղ մենք խնդիր ունենք: Բայց նույնիսկ այդ խնդրի պայմաններում չի կարող ամիսը ամսվա համեմատ լինել երեսուն կամ քսան տոկոս չեղում այն դեպքում, երբ տարերային աղետներ չեն եղել»:

Իրականում խնդիրը, ըստ Գևորգյանի, այն է, որ նոր կառավարությունը փորձ կատարեց հանել հավելագրումներն ու ճշգրտել տնտեսական ցուցանիշները: Սակայն շուտով պարզ դարձավ, որ տնտեսական անկման վերաբերյալ հրապարակումները քաղաքական առումով ձեռնտու չեն․ - «Կառավարությունը փորձում էր նվազեցնել բազան, որպեսզի հետագայում ավելի բարձր աճ ունենա, բայց հաշվարկները ցույց տվեցին, որ տարվա կտրվածքով կունենանք տնտեսական անկում: Այդ պատճառով, կարծում եմ, վերադարձան հին սխեմային՝ էլի հավելագրումներ և այլն, և այլն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG