Մատչելիության հղումներ

Միջազգային կառույցների ղեկավարներ․ «Չպետք է թույլ տանք, որ 2017-ը Սիրիայում կրկնի 2016-ի ողբերգությունները»


Սիրիա - Հալեպի թաղամասերից մեկում երեխաները վառելափայտ են հավաքում ռմբակոծության հետևանքով ավերված շենքի փլատակներից, նոյեմբեր, 2016թ․
Սիրիա - Հալեպի թաղամասերից մեկում երեխաները վառելափայտ են հավաքում ռմբակոծության հետևանքով ավերված շենքի փլատակներից, նոյեմբեր, 2016թ․

Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընը, ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական և ճգնաժամային օգնության հարցերով խորհրդական Սթիֆեն Օ'Բրայենը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Սիրիայի հարցով:

«Մինչ Սիրիայում վերջնական հրադադար իրականացնելու ջանքերը շարունակվում են, մենք կրկին կոչ են անում անհապաղ, անպայմանական և անվտանգ մուտքի հնարավորություն ընձեռել այն երեխաներին և ընտանիքներին հասնելու համար, ովքեր ողջ երկրի տարածքում շարունակում են զրկված լինել մարդասիրական օգնությունից: Սիրիայում այսօր 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700 հազար մարդ, որոնց 300 հազարը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: Մոտավորապես 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով», - ընդգծում են հայտարարության հեղինակները:

«Մենք և, հիրավի, աշխարհը, չպետք է լռի, երբ հակամարտության կողմերը շարունակում են սննդի, ջրի, բժշկական պարագաների և օգնության այլ ձևերի թույլ չտալը կիրառել որպես պատերազմական զենք: Երեխաները թերսնուցման, ջրազրկման, փորլուծության, վարակիչ հիվանդությունների, վնասվածքներ ստանալու առումով ամենաբարձր ռիսկային գոտում են: Նրանցից շատերը աջակցության կարիք ունեն` տրավմատիկ իրադարձությունների ականատես լինելով և բռնության տարատեսակ դրսևորումների ենթարկվելով: Դժբախտաբար, չափից շատ երեխաներ իրենց կյանքում հակամարտություններից ու կորուստներից զատ շատ քիչ բան են տեսել», - նշված է հայտարարությունում:

«Հալեպի հարավային հատվածներում տեղի ունեցած սարսափները ջնջվել են հանրային գիտակցությունից, բայց մենք չպետք է թույլ տանք, որ Սիրիայի ժողովրդի կարիքները, կյանքն ու ապագան ի չիք դառնան հանրային գիտակցությունից: Մենք չպետք է թույլ տանք, որ 2017թ.-ը Սիրիայում կրկնի 2016թ.-ի ողբերգությունները», - ասված է հայտարարությունում, որը հրապարակել է ՅՈւՆԻՍԵՖ-ի՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG