Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձևավորվել է կուսակցության՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:
Կուսակցության համաժողովի 208 պատվիրակներ 1-10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին:
Կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ քվեարկության արդյունքում ցուցակի առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել, ըստ հերթականության՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Նարեկ Բաբայանը և Տիգրան Ավինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձևավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով: