Մատչելիության հղումներ

Հարություն Խաչատրյան. Շատ դժվար է Հայաստանում ֆիլմ գնահատելը


Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյան, արխիվ

Մի քանի տարի առաջ հիմնադրվեց Հայկական ազգային կինոակադեմիան, որն անցյալ տարեվերջին՝ 2016 թվականի դեկտեմբերին, կինոակադեմիայի նախագահ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ իրականացրեց ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության նպատակն է՝ վերաձևակերպել ժամանակակից հայ կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու ճանաչված լավագույն ֆիլմերի տարածմանը:

«Տեսանք, թե ինչ ունենք մենք այսօր, ամեն տարի պետք է այդ մրցանակաբաշխությունը լինի, որովհետև դա լուրջ ռևիզիա է մեր ունեցած պահեստում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Կինոակադեմիայի նախագահը վերհիշեց, թե ինչպես Խորհրդային Միության փլուզմանը հաջորդեց հայ կինոյի կործանումը։ Հիմա, իհարկե, ժամանակները փոխվել են, բայց կրկին հայ կինոն շատուշատ հոգսեր ունի՝ հենց թեկուզ, օրինակ, գնահատման չափանիշների առումով․ - «Շատ դժվար է Հայաստանում ֆիլմ գնահատելը, որովհետև կան հասարակության կողմից ընդունված ցածրաճաշակ բավականին ֆիլմեր, որոնք հասարակությունը հաճույքով նայում է, և լիքը դահլիճներ են լցնում։ Դա որոշ մարդկանց համար կարևոր արժանիք է, մասնագետների համար դա ընդհանրապես արժանիք չի։ Կան ֆիլմեր, որոնք բավականին լավ մակարդակ ունեն, բավականին պրոֆեսիոնալ են, բայց շատ դահլիճ չեն հավաքում, որովհետև մտածելու և անհանգստանալու առիթ են տալիս: Կեսը դա չի գնահատում, ասում է՝ ո՞վ է նայողը էդ ֆիլմը: Բայց էդ ֆիլմերը տարբեր երկրների փառատոններում բավականին լավ արժանիքներ ցուցադրել են և արժանացել են գնահատականների», - ասաց Խաչատրյանը:

«Մեզ մոտ մի քիչ գնահատականները խառնված են և արժեքները նույնպես: Որովհետև ի՞նչ արժեքներով են գնահատում․ պրոֆեսիոնալի՞զմը, ռեժիսո՞ւրան, նոր կինոո՞ճը, նոր կինոլեզո՞ւն, լավագույն դրամատուրգի՞ան, թե լավագույն արտահայտչաձևերը նոր գտնված: Մեր բոլոր ֆիլմերի հիմնական մասը հնաոճ ֆիլմեր են, դժբախտաբար: Կարծես թե այսքան տարիների մեր ցուցադրած ֆիլմերը, որոնք բերում ենք աշխարհից և ցուցադրում ենք, մի քիչ երիտասարդների, կամ կինեմատոգրաֆների կողքով են անցնում։ Դե հները՝ հին են, հին ձևով են նկարում, բայց կարող են նորերը փոխվել։ Եվ կինոակադեմիայի հիմնադրումը, որն առաջարկվեց «Ոսկե Ծիրան»-ի հիմնադիրների կողմից՝ իմ, Միքայել Ստամբոլցյանի [կինոգետ], Սուսաննայի [կինոքննադատ Սուսաննա Հարությունյան] կողմից առաջադրվեց և հիմնադրվեց, մեր առաջարկությունն անցավ, մենք հավաքեցինք մի խումբ լավագույն կինեմատոգրաֆիստների, կինոգետների, կինոօպերատորների և ռեժիսորների, որոնք հասկացան կարևորությունը, և բոլորս միասին հիմնեցինք Հայկական ազգային կինոակադեմիան», - հավելեց նա։

Հայկական ազգային կինոակադեմիան հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2011 թվականին։ Մինչև 2016 թվականը կինոակադեմիան ղեկավարում էր կինոգետ Դավիթ Մուրադյանը, իսկ 2016 թվականից՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր տարեվերջյան ասուլիսին ասաց, որ առաջիկայում կինոյի ոլորտում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու։ Ազգային կինոկենտրոնն այլևս գոյություն չի ունենա, դրա փոխարեն մեկ այլ կառույց կստեղծվի՝ այլ գործառույթներով:

Հարություն Խաչատրյանն այս կապակցությամբ ասաց․ - «Դա կախված է պետության քաղաքականությունից: Պետությունը եթե որոշում է օգնել կինեմատոգրաֆիային, ֆինանսավորել, համաֆինանսավորել․․․ Ես չգիտեմ մեկ-երկու հայից, երեք հայից, որոնք կինոյով են զբաղվում, ավելի մարդ, որոնք գիտեն միջազգային ֆոնդերից փող ստանալու ձևերը, որոնք կարող են Եվրիմաժին դիմել, որոնք անգլերեն կարող են պրոեկտ կազմել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG