Մատչելիության հղումներ

Human Rights Watch․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը խնդրահարույց է


Ոստիկանները ձերբակալում են հերթական ցուցարարին, Երևան, 29-ը հուլիսի, 2016 թ․

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկուցում արձանագրել է ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների, նաև լրագրողների նկատմամբ բռնությունները, մարդկանց անհիմն կերպով ազատությունից զրկելը, ձերբակալվածներին փաստաբանի աջակցություն չտրամադրելը և այլն:

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն անցած տարի մնաց խնդրահարույց»,- փաստում է Human Rights Watch- ի՝ այսօր հրապարակած տարեկան զեկույցը, մանրամասնելով՝ «Իշխանությունն անհամարժեք ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, հարձակվեց լրագրողների վրա և անհիմն քրեական մեղադրանքներ առաջադրեց ցույցերի մասնակիցներին ու առաջնորդներին»:

Հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո սկսված բողոքի ցույցերին անդրադառնալով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը փաստում է՝ «Մինչ «Սասնա ծռեր»-ը կհանձնվեին, նրանց նկատմամբ հասարակության համակրանքն ու իշխանություններից մարդկանց դժգոհությունը վերածվեց ընդդիմադիր շարժման: Ցույցերը հիմնականում խաղաղ էին, բացառությամբ հատուկենտ միջադեպերի: Հուլիսի 29-ին, սակայն, ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով նրանք առաջին կամ երկրորդ աստիճանի այրվածքներ ստացան»:

Կազմակերպությունը նաև փաստում է՝ ոստիկանները չփորձեցին մարդկանց վերահսկելու առավել մեղմ միջոցների դիմել, էական որևէ ջանք չգործադրեցին՝ զգուշացնելու նրանց, որ ցրվեն, կամ տեղեկացնելու, որ ուժի գործադրում է սպասվում: «Իրավապահներն ու նրանց հետ գործող քաղաքացիական հագուստով անձինք, որոնց ինքնությունը հայտնի չէ, ոտքերի ու բռունցքների հարվածներ հասցրին ցուցարարներին՝ նրանցից մի քանիսին ծեծելու համար նաև մահակներ ու երկաթե ձողեր գործի դնելով:

Ոստիկանությունը լրագողներին զգուշացրեց՝ հեռու մնալ ամբոխից, ու թեև լրագրողներից շատերը համաձայնեցին, իրավապահները վերջիններիս ուղղությամբ խլացուցիչ նռնակներ նետեցին՝ վնասվածքներ պատճառելով նրանցից առնվազն ութին: Ոստիկանությունն ու անհայտ անձինք ծեծի եթարկեցին որոշ լրագրողների՝ կոտրելով կամ խլելով նրանց տեխնիկան»,- շարունակում է Human Rights Watch-ը:

Իրավապաշտպան կազմակերպությունն այնուհետև փաստում է՝ իշխանությունները հետաքննություն սկսեցին ոստիկանության գործողությունների շուրջ, պաշտոնանկ արեցին Երևանի ոստիկանապետին, սառեցրին չորս ոստիկանների լիազորությունները, մինչ նրանց նկատմամբ քննություն էր ընթանում, նկատողություն տվեցին 13-ին: Զեկույցի պատրաստման պահին ոստիկանների դեմ քննությունը դեռ շարունակվում էր:

«Իրադարձություններից կես տարի անց մենք դեռ սպասում ենք, որ ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն մարդու իրավունքների այդ ոտնահարումների համար»,- հայտարարել է միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Գեորգի Գոգիան՝ հավելելով՝ «Հայաստանի իշխանությունները շատ արագ էին գործում ցուցարարներին հետապնդելիս, մինչդեռ, վստահելի քննություն չեն իրականացրել և նույն խստապահանջությամբ հետամուտ չեն եղել ոստիկանների արարքները քննելուն»:

Human Rights Watch-ը նշում է, որ հուլիս-օգոստոսին Երևանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ Հայաստանի իշխանությունները նաև ցուցարարներին ու ցույցերի հետ առնչություն ունեցող տասնյակ մարդկանց կամայականորեն ազատազրել են՝ շատերին ծեծի ենթարկելով, ոմանց էլ անհիմն մեղադրանքներ առաջադրելով:

«Ձերբակալվածներից մի քանիսին ոստիկանությունը պահել է մինչև 12 ժամ՝ առանց ազատազրկումը փաստաթղթավորելու: Առնվազն երկու դեպքում ցուցարարների խումբը պահվել է ուսումնարանի կամ ներքին զորքերի բազայի տարածքում: Առնվազն 40 մարդու զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել՝ հիմնականում ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Դատարաններն ընդհանուր և վերացական հիմնավորումներով շատերին կալանավորելու որոշում են կայացրել, ոստիկաններն էլ ոտնահարել են ձերբակալվածներից շատերի հիմնարար իրավուքները՝ նրանց զրկելով փաստաբանից կամ հարազատներին իրենց գտնվելու վայրի մասին տեղեկացնելու հնարավորությունից»,- նշում է զեկույցը:

Այն արձանագրում է նաև, որ Հայաստանի ոստիկանությունը ազատազրկվածներից շատերի նկատմամբ բռնություն է գործադրել, մի քանիսին դաժանաբար ծեծել՝ թույլ չտալով արագ բժշկական օգնություն ստանալ: «Ոստիկանական բռնությունների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելը խիստ կարևոր նշանակություն ունի հասարակության վստահության ամրապնդման համար, հատկապես հիմա, երբ Հայաստանում շատերն են կարծում, որ կառավարությունը չի լսում իրենց մտահոգությունները»,- նաև հայտարարել է կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ղեկավարը:

Զեկույցի՝ կամայական ազատազրկումների ու կալանավայրերում վատ վերաբերմունքի մասին պատմող բաժնում Human Rights Watch-ն անդրադառնում է նաև անցած տարեմուտին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո կալանավորված Գևոգ Սաֆարյանին:

«Ընդդիմադիր ակտիվիստը հերքում է մեղադրանքը, թե բռնություն է կիրառել ոստիկանի նկատմամբ: Ու թեև որևէ ապացույց չկար, որ նա կարող է խուսափել նախաքննությունից կամ վտանգ ներկայացնել քննության համար, դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց: Տեղական իրավապաշտպան խմբերը պնդում են, որ Սաֆարյանի ազատազրկումը քաղաքական դրդապատճառներ ունի»,- փաստում է զեկույցը՝ նույն հատվածում հիշատակելով նաև «Հիմնադիր խորհդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ու շարժման աջակից Կարո Եղնուկյանի ազատազրկումը:

Փաստաթղթում առանձին անդրադարձ կա կանանց իրավունքների պաշտպանությանը: Մասնավորապես, արձանագրվում է, որ Հայաստանն ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենսդրություն չունի, այն դեպքում, երբ տեղական իրավապաշտպանների հաղորդմամբ, 2010-2015 թվականների ընթացքում 30 կին է սպանվել կողակիցների կամ ընտանիքի այլ անդամների կողմից: Ընդ որում, այդ բռնությունները «հիմնականում մնացել են անպատիժ»:

Ինչպես և Human Rights Watch-ի նախորդ զեկույցներում, այս անգամ էլ նշվում է, որ անբուժելի հիվանդությամբ տառապողները Հայաստանում անհարկի խոչընդոտների են բախվում և անիմաստ ժամանակ վատնում խիստ անհրաժեշտ ցավազրկողները ստանալիս, ինչը հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին:

Զեկույցում իրենց իրավունքների ոտնահարման մասին են խոսել նաև սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, պնդելով, որ «Հայաստանի կառավարությունը չի արձագանքում իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքին ու ատելություն քարոզող ելույթներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG