Մատչելիության հղումներ

Քերրին ընդգծում է Վրաստանի «կարևոր դերը տարածաշրջանում»


Ջոն Քերրի, արխիվ
Ջոն Քերրի, արխիվ

Մինչ հունվարի 20-ը, երբ ԱՄՆ-ում իշխանության կգա ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը, ներկայիս պետքարտուղար Ջոն Քերրին մի քանի այլ պլանավորված այցեր էլ կկատարի: Հունվարի 13-18-ը նա այցելելու է Վիետնամ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Շվեյցարիա:

Այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կարճատև այց է կատարել Վրաստան: Ըստ Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության, Քերրիի օդանավը տեխնիկական վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիի հետ: Նրանք անդրադարձել են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը: Վրաստանի փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ Ջոն Քերրիին՝ «վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում ներդրած ջանքերի համար»:

ԱՄՆ-ի պետքարտուղարն, իր հերթին, ընդգծել է Վրաստանի «տպավորիչ առաջընթացը» ժողովրդավարության, քաղաքական և տնտեսական զարգացման ճանապարհին: Քերրին շեշտել է նաև Վրաստանի «կարևոր դերը տարածաշրջանում»: Վրաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարը հաջողություն է մաղթել Վրաստանի կառավարությանն ու անձամբ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, ով «կարևոր դեր է խաղում երկրի ճիշտ զարգացման գործում»:

Այս կարճատև այցի նախօրեին Ջոն Քերրին Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտում կազմակերպված քննարկմանը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև 2008-ին ռուսաստանյան զինուժի՝ Վրաստան ներխուժմանը: Համեմատելով նախագահ Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը նրանից առաջ պաշտոնավարած՝ հանրապետական Ջորջ Բուշի արտաքին քաղաքական կուրսի հետ, Քերրին նկատել է՝ երբ 2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, Բուշի վարչակազմը ոչինչ չձեռնարկեց:

«Չեմ ուզում, որ որևէ մեկը մտածի, թե ինչ-որ մեկին մեղադրում եմ, բայց երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան՝ Հարավային Օսիա և Աբխազիա, ոչինչ չձեռնարկվեց, պատժամիջոցներ չսահմանվեցին: Երբ մենք էինք իշխանության, և սկսվեց Ուկրաինայի ճգնաժամը, մենք, կոփելով Եվրոպայի աջակցությունը, պատժամիջոցներ սահմանեցինք Ռուսաստանի դեմ: Այդ պատժամիջոցները ծանր բեռ են Ռուսաստանի համար: Մենք հստակորեն հայտարարեցինք, որ Ռուսաստանը պետք է գին վճարի Ուկրաինա ներխուժելու համար: Եվրոպայում ոմանք ցանկանում են չեղարկել այդ պատժամիջոցները, բայց մենք դրանք պահպանեցինք, որպեսզի իրականացվեն Մինսկի համաձայնագրերը»,- Վաշինգտնում կայացած քննարկմանը հայտարարել է Ջոն Քերրին:

Խաղաղության ինստիտուտում պետքարտուղարի պատասխաններն ամբողջությամբ տեղադրվել են Պետդեպարտամենտի էջում: Այդ հանդիպումից CNSNews-ը առանձնացնելով Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժելու շուրջ՝ Քերրիի մեկնաբանությունը, հիշեցնում է, որ 2008-ին Ռուսաստանի դեմ, այնուամենայիվ, որոշ քայլեր ձեռնարկվել էին: Բուշի վարչակազմի ճնշմամբ սառեցվել էին ՆԱՏՕ-Ռուսաստան կապերը, ԱՄՆ-ն և Բրիտանիան չեղարկել էին Ռուսաստանի հետ պլանավորած համատեղ ծովային վարժանքները, սառեցվել էր նաև ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը միջուկային խաղաղ ծրագրերի շուրջ:

CNSNews-ի մեկնաբանը նաև հիշեցնում է, որ Օբամայի՝ նախագահ դառնալուց հետո քայլեր ձեռնարկվեցին՝ ՆԱՏՕ-Ռուսաստան կապերը վերականգնելու, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Այն ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունները «վերաբեռնելու» քաղաքականության մասին:

Մեկնաբանը մեկ այլ կարևոր արձանագրում էլ է անում՝ 2010 թվականին Օբամայի վարչակազմը Կոնգրեսին առաջարկեց վերականգնել խաղաղ միջուկային ծրագրերի շուրջ համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը նախկին վարչակազմի կողմից սառեցվել էր ռուսաստանյան զինուժի՝ Վրաստան ներխուժման պատճառով:

Մինչ հունվարի 20-ը, երբ ԱՄՆ-ում իշխանության կգա ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը, ներկայիս պետքարտուղար Ջոն Քերրին մի քանի այլ պլանավորված այցեր էլ կկատարի: Հունվարի 13-18-ը նա այցելելու է Վիետնամ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Շվեյցարիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG