Մատչելիության հղումներ

Սպառած գազի չափաքանակը կներառվի ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում


Ձմեռը Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ
Ձմեռը Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ

Կառավարությունն առաջարկում է տարվա ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի չափաքանակը ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում և ըստ այդմ՝ այսօրվա նիստում համապատասխան փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Գործադիրը համարում է, որ այդ չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ:

Հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը, առաջարկվում է 2017 թվականի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր: Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները, նշված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ գին սահմանելու վերաբերյալ քննարկումների ժամանակ նախարարության ներկայացրած ցուցակում եղել են սոցիալապես անապահով որոշ ընտանիքներ, որոնք միջինից ավելի շատ գազ են սպառում: «Կարծում եմ՝ հայտանիշերը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտան ցուցակում ընդգրկել ճիշտ համապատասխան շերտը», - ասել է նա:

Գործադիրը նաև հավանություն է տվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին: Ծրագիրն ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG