Մատչելիության հղումներ

Թուրքիան և Ռուսաստանն ակտիվորեն նախապատրաստում են սիրիական հարցով Աստանայի հանդիպումը


Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Մոսկվայում, 20-ը դեկտեմբերի, 2016 թ ․

Թուրք պաշտոնյաների պնդմամբ, դեկտեմբերի վերջին Սիրիայում հակամարտող կողմերի միջև կնքված հրադադարի ռեժիմի խախտումները նվազել են, այդպիսով արագացնելով բանակցությունների նախապատրաստման գործընթացը:

Թուրքիայի և Ռուսաստանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ կնստեն։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, նշելով, թե թուրք և ռուս պաշտոնյաներն այժմ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված այդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն են իրականացնում։

Թուրք պաշտոնյաների պնդմամբ՝ Սիրիայում դեկտեմբերի վերջին հակամարտող կողմերի միջև կնքված հրադադարի ռեժիմի խախտումները նվազել են՝ արագացնելով բանակցությունների նախապատրաստման գործընթացը։ Նախօրեին ռուսական պատվիրակությունն Անկարայում թուրք գործընկերների հետ քննարկել է առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրով նույն հարցով նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնի է նաև, որ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները ևս թուրք և ռուս պաշտոնյաների հետ քննարկել են իրենց պահանջներն ու ակնկալիքները։ Սպասվում է, որ Աստանայի բանակցություններին կմասնակցեն նաև ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները։

Աստանայի հանդիպմանն ընդառաջ՝ շարունակում է անորոշ մնալ բուն բանագնացների հարցը։ «Անադոլու» գործակալությունը գրում է, թե դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներն անմիջականորեն են հանդիպելու միմյանց, թե՞ բանակցությունները լինելու են միջնորդավորված։ Անուղղակի բանակցությունների դեպքում ակնկալվում է, որ միջնորդների դերում ՄԱԿ-ի ներկայացուցիչների փոխարեն հանդես կգան Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակները։

Դեկտեմբերի 30-ին Սիրիայի ողջ տարածքում ուժի մեջ է մտել Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ սիրիական կառավարության և ընդդիմության միջև ստորագրված հրադադարի համաձայնագիրը։ Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել էին, որ եթե հաջողվի պահպանել հրադադարը, ապա Աստանայում բանակցային գործընթաց կսկսեն՝ սիրիական հակամարտությանը քաղաքական լուծում տալու համար։ Երկու երկրները պատրաստակամություն են հայտնել՝ հանդես գալ որպես հակամարտության կարգավորման երաշխավորներ՝ Սիրիայի հարցով քաղաքական անցումային գործընթացի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի շրջանականերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG