Մատչելիության հղումներ

Երևանի երկու բնակիչների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքով քրգործ է հարուցվել


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 11-ին Երևան քաղաքի երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:

«2017 թվականի հունվարի 11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ 1981 թ. ծնված Ա. Սեդրակյանը՝ «ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախ հետույքային շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, և 1986թ. ծնված Ռ. Դավթյանը՝ «գլխի գագաթային շրջանի և ձախ քունքային շրջանի սալջարդ վերք, քթոսկրի բեկորային բաց կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG