Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունում քննարկվել է կարկտահարության վնասների կանխարգելման խնդիրը


Կարկտահարության հետևանքները Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում, հուլիս, 2016թ․

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երեկ հրավիրել է խորհրդակցություն՝ բնակլիմայական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների կանխարգելման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ քննարկմանը մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը, գյուղնախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարության «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

«Մեր երկրում գյուղատնտեսությունը ամեն տարի մեծ վնասներ է կրում կարկտահարության պատճառով, և այժմ օրախնդիր հարցերից է դրա դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների կիրառումը: Այդ նպատակով նախարարությունը մշակել է բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի նախագիծ, և այս հանդիպման ընթացքում մենք ցանկանում ենք լսել ձեր նկատառումները, համատեղ քննարկել ու լուծման ուղիներ գտնել առկա խնդիրների ուղղությամբ», - նշել է Առաքելյանը:

Ներկայացնելով երկրի հակակարկտային կայանների ցանցի տեխնիկական իրավիճակը, արդյունավետությունը, կառավարման և սպասարկման ընթացքում ծագող խնդիրները` արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներն ընդգծել են, որ պայքարի մեկ եղանակի ընտրությունը, մասնավորապես՝ երկրի ամբողջ տարածքը հակակարտային կայանների ցանցով ծածկելը, նպատակահարմար չէ և չի կարող բավարար արդյունավետություն ապահովել, առաջարկելով ըստ գոտիականության տեղադրել նաև հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել:

Քննարկումների արդյունքում որոշվել է ուսումնասիրել կարկտահարության դեմ պայքարի հրթիռային կայանների կիրառման միջազգային առաջավոր փորձը, Հայաստանում դրա ներդրման և տեղում արտադրություն կազմակերպելու հնարավորությունները, քարտեզագրել երկրի պահպանության տարածքները` ըստ տվյալ տարածքի համար առավել նպատակահարմար հակակարկտային եղանակների, ինչպես նաև ներկայացնել պահանջվող ներդրումների ֆինանսական գնահատականը` 2018 թվականի պետբյուջեում համապատասխան միջոցներ նախատեսելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG