Մատչելիության հղումներ

Մանրածախ առևտուրը շարունակում է կրճատվել և մոտեցել է 2010-ի մակարդակին


Մանրածախ առևտուրը վատագույն ցուցանիշն է գրանցել 2010 թվականից ի վեր․ կրճատվելով երկրորդ տարին շարունակ՝ մանարածախ առևտրի մակարդակը հասել է վեց տարվա վաղեմության ցուցանիշին:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) համաձայն, 2016-ի հունվար-նոյեմբերին մանրածախ առևտրի ծավալը կազմել է 1 տրիլիոն 70 միլիարդ դրամ․ նախորդ տարիների ընթացքում ավելի պակաս ցուցանիշ է գրանցվել միայն 2010-ին՝ 967 միլիարդ դրամ:

ԱՎԾ տվյալներով, 2016-ի հունվար-նոյեմբերին՝ 2015թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մանրածախ առևտրի անկումը կազմել է 2.9 տոկոս: Իր հերթին, 2015 թվականի հունվար-նոյեմբերին նույնպես անկում էր գրանցվել 2014-ի առաջին տասնմեկ ամիսների համեմատ՝ 8.8 տոկոս:

Հատկանշական է, որ 1998-ից ի վեր մանրածախ առևտուրը երբեք չէր կրճատվել, անգամ ճգնաժամային 2009 թվականին և դրան հաջորդած տարում մանրածախ առևտրի ծավալը շարունակում էր աճել՝ յուրաքանչյուր տարի կես տոկոսով:

Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի խոսքով, մանրածախ առևտուրը լավագույնս ի ցույց է դնում Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների իրական վիճակը, որովհետև այդ ձեռնարկությունների մոտ 60 տոկոսը առևտրով է զբաղված:

«Գնալով տնտեսական վիճակը դեպի լավը չի գնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավագյանը՝ չհամաձայնելով ներկայացված վիճակագրական տվյալներին․ - «Որովհետև, դեռ հաշվի չառած այն, որ ստվերային մասը այդ վիճակագրությունում չի երևում, ինքը այդքան էլ ճիշտ չի ցույց տալիս մեր երկրի պատկերը: Բայց այն, որ մասնակի հանդիպումներում մենք փոքր բիզնեսի հետ հանդիպում ենք, նրանք էլ իրենց և՛ սև, և՛ սպիտակ շրջանառությունը, որ համեմատում են իրենց ծավալները, իրենք էլ են բարձրաձայնում, որ 3-5 անգամ ընկել է իրենց առևտուրը: Ովքեր դեռևս կարողանում են գոյատևել»:

Կարևոր մյուս հանգամանքը, նրա խոսքով, այն է, որ չնայած հայտարարված տնտեսական աճերին՝ 2015 թվականին՝ 3 տոկոս, 2016-ին՝ 0.5 տոկոս, երկրորդ տարին է մանրածախ առևտուրը կրճատվում է․ - «Այդ նույն տնտեսական աճն էլ ի՞նչ թվերով ենք մենք ցույց տալիս: Գյուղատնտեսության վրա ենք շեշտադրումը անում, ասում ենք՝ տնտեսական աճ ունենք և այլն: Բայց որ գնում ենք մարզերում հանդիպում ենք, ծայրահեղ վիճակ է: Շատ պարզ օրինակ բերեմ․ դեկտեմբերի սկզբին մենք հանդիպեցինք մի գյուղատնտեսի, որը մոտավորապես հարյուր տոննա լոլիկ էր մշակել, վարձակալել էր հողեր և այլն, ընդամենը կարողացել էր երեսուն տոննան սպառել: Ընդ որում՝ էլի տվել էր խոշոր մթերող մի կազմակերպության, որը խոստացել է 7 ամիս հետո իր փողը տալ: 35 դրամով, պատկերացնո՞ւմ եք»:

Հայաստանյան մանրածախ առևտրի վրա նաև ազդեցություն ունի երկիր փոխանցվող մասնավոր տրանսֆերտների չափը: Կենտրոնական բանկի տվյալներով, 2016 թվականը վատագույնն էր նախորկսսդ տասը տարիների համեմատ: 2016-ի առաջին տասնմեկ ամիսներին տրանսֆերտենրը կազմել են 1 միլիարդ 322 միլիոն դոլար՝ վատագույն ցուցանիշը 2007-ից ի վեր: Անգամ ճգնաժամային 2009-ին և դրան հաջորդած տարում Հայաստան ավելի շատ մասնավոր փոխանցումներ են եղել:

«Իսկ ի՞նչ ենք սպասում: Մի տարի առաջ էինք սպասում ենք, երկու տարի, երեք տարի․․․Ֆունդամենտալ բաներ կան, որոնք վերջապես հայտարարություն անելուց հետո պետք է կյանքի կոչվեն ու փոխեն: Իրականում պետք է կամք դրսևորել ու, ասենք, տնտեսությունը խաթարող հիմնական բաները վերացնել: Ոչ թե ցուցադրական ասել, որ՝ տեսեք, մի խմբաքանակ բանան բերեցինք, կամ շաքար բերեցինք․․․ Ո՚չ: Մեխանիզմը պետք է փոխել․ այդ մաքսավորը, որը կանգնած է․․․ պետք է լինի նոր մտածելակերպով, նոր դաստիարակությամբ մարդ, ու ֆունդամենտալ փոխված մարդ», - եզրափակեց Հակոբ Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG