Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, թե մտադիր է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պնդելով, թե «միայն անմիտներն ու հիմարները կարող են դա սխալ համարել»:
«Մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք ողջ աշխարհով մեկ, և կարիք չկա դրանց ևս մեկը ավելացնել», - հայտարարել է հունվարի 20-ից պաշտոնը ստանձնող ԱՄՆ-ի նախագահը:
Թվիթերյան այս գրառումից մեկ օր առաջ հրապարակվել էր ամերիկյան հետախուզության հատուկ զեկույցը, ըստ որի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել կիբերհարձակումներ իրականացնել ամերիկյան վերջին նախագահական ընտրությունների ժամանակ՝ նպատակ ունենալով աջակցել Թրամփի հաղթանակին:
«Երբ Մոսկվայի համար պարզ դարձավ, որ Քլինթոնն, ամենայն հավանականությամբ, հաղթելու է ընտրություններում, Ռուսաստանն ազդեցության արշավ սկսեց՝ նպատակ ունենալով խափանել վերջինիս ապագա նախագահությունը», - նշված է զեկույցում, որն ամերիկյան հետախուզական ծառայությունների ղեկավարները ներկայացրել են, ինչպես գործող նախագահ Բարաք Օբամային, այնպես էլ ընտրյալ նախագահ Թրամփին:
Ավելի վաղ հատուկ ծառայությունների ներկայացրած փաստերին ծանոթանալուց հետո Թրամփը կարգադրել էր իր աշխատակազմին լիազորությունները ստանձնելուն պես գործողությունների ծրագիր մշակել՝ նման կիբերհարձակումները ակտիվորեն կանխելու համար:
«Ընտրյալ նախագահը շատ հստակ հայտարարեց, որ մենք մտադիր ենք մեր պաշտոնավարման ամենասկզբնական իսկ շրջանում ագրեսիվ միջոցներ ձեռք առնել՝ կիբերհարձակումների դեմ պայքարելու համար և այսուհետ զերծ պահել ամերիկացի ժողովրդին՝ նման միջամտությունների վտանգից»,- ասել էր ընտրյալ փոխնախագահ Մայք Փենսը:
Պաշտոնական Մոսկվան ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների զեկույցին դեռ չի պատասխանել: Կրեմլն, այդուհանդերձ, նախկինում մշտապես հերքել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու մասին՝ իրեն վերագրվող մեղադրանքները: