Մատչելիության հղումներ

Ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների, Պուտինն անձամբ է հրահանգել հաքերային հարձակումները


Վլադիմիր Պուտին, արխիվ

Վլադիմիր Պուտին, արխիվ

25 էջանոց փաստաթղթում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նաև վստահություն են հայտնում, որ Պուտինն ու Ռուսաստանի կառավարությունը ընտրությունների շրջանում հստակ նախապատվություն են տվել Դոնալդ Թրամփին:

Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների եզրակացության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շրջանում հաքերային հարձակումներով աջակցել Դոնալդ Թրամփին՝ ազդելով արդյունքների վրա:

«Մեր գնահատմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրել է հարձակումներ՝ նպատակ ունենալով միջամտել ամերիկյան ընտրություններին: Ռուսաստանի նպատակն էր՝ քայքայել հանրության հավատը ԱՄՆ-ի դեմոկրատական գործընթացների հանդեպ, զրպարտել նախկին պետքարտուղար Քլինթոնին և վնասել նրա հնարավոր նախագահությանը»,- նշված է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից երեկ հրապարակված զեկույցում:

25 էջանոց այդ փաստաթղթում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նաև վստահություն են հայտնում, որ Պուտինն ու Ռուսաստանի կառավարությունը հստակ նախապատվություն են տվել Դոնալդ Թրամփին: «Երբ Մոսկվայի համար պարզ դարձավ, որ Քլինթոնն, ամենայն հավանականությամբ, հաղթելու է ընտրություններում, Ռուսաստանն ազդեցության արշավ սկսեց՝ նպատակ ունենալով խափանել վերջինիս ապագա նախագահությունը»,- նշված է զեկույցում, որն ամերիկյան հետախուզական ծառայությունների ղեկավարները ներկայացրել են, ինչպես գործող նախագահ Բարաք Օբամային, այնպես էլ ընտրյալ նախագահ Թրամփին:

Զեկույցում նաև բացահայտված են ռուսաստանցի որոշ պաշտոնյաների անուններ, որոնք երրորդ կողմի միջոցով WikiLeaks-ին են փոխանցել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի և կուսակցության առաջնորդների համակարգիչներից կորզված նյութերը, ինչն օգտագործվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հեղինակությանը վնաս հասցնելու նապատակով:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պնդմամբ՝ ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը ներառել է ոչ միայն հաքերային հարձակումներ, այլև քարոզարշավ, այդ թվում՝ կեղծ տեղեկությունների տարածում ԶԼՄ-ների և սոցցանցերի միջոցով: Զեկույցում նշված է նաև, որ ռուսական հատուկ ծառայությունների համար հասանելի են եղել ԱՄՆ-ի տարածքում գտնվող ընտրական հանձնաժողովների տվյալները: Այդուհանդերձ, նույն զեկույցի համաձայն, հաքերային հարձակումների ենթարկված նահանգային ծրագրերը քվեների հաշվարկի հետ կապ չեն ունեցել:

Պաշտոնական Մոսկվան այդ զեկույցին դեռ չի պատասխանել: Կրեմլն, այդուհանեդերձ նախկինում մշտապես հերքել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու մասին՝ իրեն վերագրվող մեղադրանքները:

ԱՄՆ ընտրյալ նախագահ Թրամփը ռուսական կիբերհարձակումների շուրջ բարձրացած աղմուկն անվանել է «վհուկների քաղաքական որս»: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Երկրի հատուկ ծառայությունների ներկայացրած փաստերից հետո, մինչդեռ, ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչները պնդում են, որ ռուսական միջամտությունն էապես ազդել է ընտրությունների արդյունքների վրա:

«Ընտրյալ նախագահի պնդումը, թե ռուսական հաքերային գրոհը բացարձակապես չի ազդել ընտրությունների ելքի վրա, չի հաստատվում ներկայացված զեկույցով կամ առողջ բանականությամբ»,- հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը, ընդգծելով, որ ռուսական միջամտությունը խիստ նպաստավոր է եղել Թրամփի համար, միևնույն ժամանակ, մեծ վնաս է հասցրել Քլինթոնի քարոզարշավին:

Նախօրեին Դոնալդ Թրամփը խոստացել է «ագրեսիվ» միջոցներ ձեռնարկել կիբերհարձակումները կանխելու համար: Նա հայտարարել է, որ իր աշխատակազմին հանձնարարել է պաշտոնավարումը ստանձնելուց հետո առաջին 90 օրվա ընթացքում մշակել ծրագիր՝ միտված հաքերային հնարավոր հարձակումներն «ագրեսիվորեն» կանխելուն:

«Անվտանգության միջոցառումները, մեթոդները, գործիքներն ու մարտավարությունը չպետք է հանրային քննարկումների առարկա դառնան, դա օգտակար կլինի հենց մեզ վնասել ցանկացողների համար»,- ասել է Թրամփը, հավելելով, թե կառավարությունը, տարբեր կազմակերպությունները, ասոցիացիաներն ու բիզնեսները ևս ամենատարբեր մակարդակներում կարիք ունեն ուժեղացներ ջանքերը՝ ընդդեմ հնարավոր հաքերային հարձակումների:

Անդրադառնալով նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում Թրամփին աջակցելու նպատակով իրականացված հաքերային հարձակումների վերաբերյալ զեկույցին՝ ընտրյալ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, թե Թրամփը նպատակ ունի վերջ դնել այդ ամենին:

«Ընտրյալ նախագահը շատ հստակ հայտարարեց, որ մենք մտադիր ենք մեր պաշտոնավարման ամենասկզբնական իսկ շրջանում ագրեսիվ միջոցներ ձեռք առնել՝ կիբերհարձակումների դեմ պայքարելու համար և այսուհետ զերծ պահել ամերիկացի ժողովրդին՝ նման միջամտությունների վտանգից»,- ասել է Փենսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG