Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանն արգելել է «Ցեց» երգիծաթերթը բաժանել տրանսպորտում


«Ցեց»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 3-ը հունվարի, 2016թ.

Երևանի քաղաքապետարանն արգելել է իշխանություններին քննադատող երգիծաթերթը անվճար բաժանել մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում՝ պատճառաբանելով, որ այն կարող է քաղաքացիների շրջանում դժգոհության պատճառ հանդիսանալ:

«Ցեց» անվամբ պարբերականի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանն այսօր «Ազատության» հետ զրույցում տարակուսած էր՝ երգիծաթերթի առաջին համարն է ընդամենը լույս տեսել, այն դեռ չի տարածվել, սակայն քաղաքապետարանում արդեն համոզված են՝ պարբերականը դժգոհությունների պատճառ կհանդիսանա:

«Ես նամակ գրեցի [Երևանի քաղաքապետ] պարոն Տարոն Մարգարյանին և ստացա շատ ուշագրավ մի պատասխան, նույնիսկ՝ աննախադեպ իր տեսակով. մեզ պատասխանեցին, որ «Ցեց» քաղաքական ծաղրանկարների ամսաթերթը հասարակական տրանսպորտում նպատակահարմար չէ բաժանել, քանի որ այն ուղևորների և քաղաքացիների դժգոհությունների և անձերի նկատմամբ վիրավորանքի պատճառ կհանդիսանա», - փոխանցեց Գրիգորյանը։

Թերթի հրատարակիչն է «Մեդիալաբ»-ը: Նոր չէ, որ այն կայքի, ինչպես նաև ցուցահանդեսների միջոցով հանրությանը ներկայանում է քաղաքական սուր բովանդակությամբ ծաղրանկարներով: Անցած տարի օգոստոսին Երևանի Մաշտոցի պուրակում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսից հետո, անհայտ անձը կամ անձինք, գիշերը կոտրելով Մարիաննա Գրիգորյանի մեքենայի ապակին, գողացել էին նախագահ Սերժ Սարգսյանին, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին, ոստիկանապետին և իշխանության այլ ներկայացուցիչներին պատկերող ծաղրանկարներ: Չնայած կայանված մեքենայի հարևանությամբ տեսախցիկներ են եղել, սակայն առայսօր իրավապահները որևէ մեկին անգամ չեն կասկածում տեղի ունեցածի համար:

«Այն, ինչ կարող ես մի նկարով հաղորդել, չես կարող անել, ասենք, բազմաթիվ լուրերով՝ ուշադրություն գրավելուց մինչև ուղերձներ հղել։ Որոշեցինք, որ նաև ծաղրանկարով ուզում ենք մարդկանց պատմել այն, ինչ հնարավոր է», - նշեց «Ցեց»-ի գլխավոր խմբագիրը։

Վահե Ներսեսյանը պարբերականի ծաղրանկարիչներից է, ասում է՝ «ուզում եմ մարդիկ ծիծաղով հանդիպեն խնդիրներով լի իրականությանը»։

«Առաջին հերթին՝ ուզում եմ ծիծաղեն մարդիկ, հումորով մոտենան դժվարություններին, բարդ պրոբլեմներին, երկրորդ հերթին՝ ավելի տեղեկացված լինեն, այսինքն՝ ես լուրերը շատ հաճախ հաղորդում եմ ծաղրանկարների միջոցով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ներսեսյանը՝ շարունակելով. - «Օրինակ, չարաշահումներ են եղել, ինչպես ասաց վարչապետը՝ գողություն է լինում պրիմիտիվ, ուզում եմ էդ ամեն ինչը հումորով մատուցեմ մարդկանց, տեսնեն, ժպտան և նաև, ինչու չէ, առաջանա բողոքի զգացում իրենց մոտ, այսինքն՝ էդ շոկը լինի, էլի, մարդկանց մոտ, որ «էս ինչ երկրում ենք ապրում»։

«Մի նպատակ էլ ունեմ»,- շարունակեց Վահեն, - «Եվ, ինչի չէ, էն մարդիկ, ովքեր հասցեատերը, ում որ, հերոսը, որ նկարված է, միգուցե նայի՝ փոխվի։ Ասենք, Գալուստ Սահակյանը նայի իր նկարը՝ մտածի, որ միգուցե մի քիչ քիչ արժի, ասենք, տենց խոշոր մտքեր արտահայտել՝ էնպիսի մտքեր, որ մարդիկ չընկալեն, մենակ ինքը ընկալի»։

Մարիաննա Գրիգորյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի որոշումը ոչ այլ ինչ է, քան՝ ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ:

«Սա համարում եմ կոնկրետ խոսքի ազատության դեմ ոտնձգություն և նաև խտրական վերաբերմունք մեր հանդեպ, որովհետև կա թերթ, որը բաժանվում է, ի՞նչն է պատճառը, որ երգիծաթերթը, որը իր տեսակով ևս բացառիկ է մեր մամուլի մեջ այս պահին, չպիտի բաժանվի», - շեշտեց գլխավոր խմբագիրը։

«Ազատություն»-ը կապվեց Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հետ, խոստացան արձագանքել տոներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG