Մատչելիության հղումներ

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր խոսեց կառավարությունում տեղ գտած գողության մասին:

Երբ գործադիրի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց պետական մարմինների համար ավիատոմսերի ձեռքբերման էլեկտրոնային համակարգը՝ վարչապետը կտրուկ հայտարարություն արեց․ - «Բավականին բարդ համակարգ է, թե ինչին է ուղղված՝ բոլորդ հասկանում եք: Այդ իսկ պատճառով հանձնարարական՝ մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում այդ ամեն ինչը բերեք կարգի: Ինձ որ պատմում են, թե ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա․․․ եթե էդ մարդիկ էդ խելքը օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավ կլիներ»:

Հատկանշական է, որ նման կոշտ հայտարարությունից հետո կառավարության որևէ անդամ չարձագանքեց, լուռ էին նաև նիստին ներկա իրավապահ բոլոր մարմինների ղեկավարները:

Թե ի՞նչ «պրիմիտիվ գողության» մասին է խոսքը, ի՞նչ ծավալների գողության է կատարվել է, ո՞վ է կատարել այդ գողությունը, արդյոք ինչ-որ մեկը ենթարկվե՞լ է պատասխանատվության՝ նորանշանակ վարչապետը գերադասեց չմանրամասնել: Փոխարենը` այս հարցերի պատասխանը լրագրողները փորձեցին ստանալ ֆինանսների նախարարի պաշտոնում արդեն երկու օր աշխատած Վարդան Արամյանից:

«Վարչապետի նմանատիպ հորդորը նաև հանձնարարական էր ֆինանսների նախարարությանը: Թույլ տվեք ես մտնեմ իմ աշխատանքի մեջ, ես ձեզ խոստանում եմ՝ մենք կունենանք ընդհանուր հարթակ շփվելու և դա լինելու է կանոնակարգված», - նշեց նախարարը:

Լրագրողների ճշտող հարցին՝ ի վերջո գողություն եղե՞լ է, թե՞ չէ, Արամյանը պատասխանեց․ - «Աշխարհում նմանատիպ խնդիրներ կամ խեղումներ միշտ էլ համակարգերում ունենում են։ Դա նաև դրոշակ է բարձրացնում, որպեսզի մենք անմիջապես ձեռնամուխ լինենք, համակարգը գցենք ավելի նորմալ վիճակի մեջ»:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը տարակուսած էր՝ կառավարության նիստում վարչապետը խոսում է գողության մասին, սակայն իրավապահ մարմինների ղեկավարները չեն արձագանքում․ - «Գողությունը դա կոնկրետ քրեական կատեգորիա է: Եթե վարչապետը հայտարարում է, որ գողություն է եղել, ուրեմն պիտի տեղում հարուցվի քրեական գործ, իրականացվի նախաքննություն, պատժվեն մարդիկ, կամ այդ մասին հայտարարություն անողը ասի, որ՝ ներողություն եմ խնդրում, սխալմունք է եղել»:

Գևորգյանը շարունակեց՝ բազմաթիվ են օրինակները, երբ պետական մարմինները, մեղմ ասած, անարդյունավետ են ծախսել Հայաստանի քաղաքացիներից գանձված միջոցները․ - «Մեկը Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում կառուցված ուսումնական կենտրոնն է, որը, ըստ հրապարակային փաստաթղթերի, կառուցվել է 153 միլիոն դոլարով և նույն Դիլիջանում կառուցված Պետական եկամուտների կենտրոնի ուսումնական կենտրոնը, որի վրա արդեն մոտ 70 միլիոն դոլարի ծախս է կատարվել»:

XS
SM
MD
LG