Մատչելիության հղումներ

Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում իրականացված հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել


Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում իրականացված հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:

Թուրքիայի իշխանությունները տեղի լրատվամիջոցներին արգելել են միջադեպի մասին տեղեկատվություն հրապարակել` բացառությամբ պաշտոնական հաղորդագրությունների և հայտարարությունների:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ հարձակման հետևանքով 39 մարդ զոհվել է, 69-ը` վիրավորվել: Զոհերից 16-ը օտարերկրացիներ են, նշել է Սոյլուն` առանց մանրամասնելու:

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Օրթաքյոյ շրջանում գտնվող «Ռեյնա» ակումբում, որտեղ 500-700 մարդ էր հավաքվել Ամանորը տոնական տրամադրությամբ դիմավորելու: Նախնական տեղեկություններով, անհայտ զինյալը կրակ է բացել քեֆ անողների ուղղությամբ, փրկվելու համար ոմանք ցատկել են Բոսֆորի նեղուցը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ զինյալը փախուստի է դիմել, նրան դեռևս չի հաջողվել հայտնաբերել:

Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը տեղի ունեցածը «ահաբեկչական հարձակում» է որակել:

Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ զինյալը ակումբ է ներթափանցել` հագնված լինելով Սանտա Կլաուսի պես:

Միացյալ Նահանգները դատապարտել է տեղի ունեցած «սահմռկեցուցիչ ահաբեչական հարձակումը»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է ամեն կերպ աջակցել Թուրքիային:

Ստամբուլը և Թուրքիայի մայրաքաղաք Անկարան 2016-ին մի շարք ահաբեկչական հարձակումների են ենթարկվել: Անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին Ստամբուլի ֆուտբոլային մարզադաշտերից մեկի մոտ տեղի ունեցած պայթյուններից 44 մարդ էր զոհվել, 149-ը` վիրավորվել:

Ըստ միջազգային լրատվամիջոցների հաղորդագրությունների

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG