Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ բացահայտելու մասին:
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական գործերով իրականացված մեծածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝Հայաստանում և արտերկրում կայուն ու համակարգված կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում տուրիստական գործունեության քողի ներքո, շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելով, հետխորհրդային երկրներում տեղակայված Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր՝ դրա դիմաց կատարված կեղծիքներից անտեղյակ քաղաքացիներից վերցնելով 2000 - 3500 եվրո գումար։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ ձևավորված հանցավոր մեխանիզմում ներգրավված են եղել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, ովքեր տարբեր չափի կաշառքներով ապահովել են ապօրինի հիմքերով ստացված արտոնագրերով քաղաքացիների անարգել ելքը Հայաստանի Հանրապետությունից:
Առերևույթ հանցագործություններ կատարելու համար հինգ անձի մեղադրանքներ են առաջադրվել անօրինական միգրացիա կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդված), կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված), կաշառք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդված) և կաշառքի միջնորդության (ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդված) համար:
Վերոնշյալ երևույթները վերահսկելու և կանխելու նպատակով ՀՀ ԱԱԾ-ն ներկայումս ակտիվ համագործակցում է բոլոր այն երկրների իրավապահ մարմինների հետ, որոնց տարածքներում գտնված անձինք առնչակից են եղել բացահայտված անդրազգային հանցագործությանը»,- մասնավորապես, նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։