Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Միջազգային կառույցներից ակնկալում ենք խիստ, հասցեական հայտարարություն»


ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

«Այն, որ մենք ունենք փաստեր, և դա ադրբեջանական հատուկ ջոկատայինի դին է, որը գտնվում է հայկական կողմում՝ հենց Հայաստանի Հանրապետության տարածքում, դա անհերքելի ապացույց է», - հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հինգշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցում անդրադառնալով նույն օրը վաղ առավոտյան Տավուշի սահմանագոտում տեղի ունեցած դիվերսիոն փորձին:

«Երկրորդը՝ առնվազն միջազգգային հանրությունից և Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում ենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մակարդակի, միգուցե նաև ավելի խիստ հայտարարություն հասցեական, որովհետև ժամանակն է իրերը կոչել իրենց անունով: Եթե Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը ոչ թե եթե, այլ հստակ խախտել է զինադադարի պայմանները, Ադրբեջանը դիվերսիոն գործողություն է իրականացրել, և դա եղել է առավոտյան, և դրա համար կա արդեն հստակ ապացույցներ, և ՀԱՊԿ-ն էլ դա շատ լուրջ քննադատել է, մենք ակնկալում ենք գոնե մասնագիտացած կառույցի, իսկ որն է Մինսկի խմբի համանախագահությունը, և համանախագահներից հստակ հասցեական գնահատական, որովհետև ընդհանուր գնահատականները կամ լռությունը ավելի լկտի են դարձնում Ադրբեջանին», - շարունակեց Շարմազանովը:

«Ազատության» հարցին՝ իսկ Հայաստանի իշխանությունները անելիք չունե՞ն, Հանրապետականի խոսնակը արձագանքեց․ - «Մինսկի խմբում կոշկակարներ չեն հավաքված, հավաքված են լուրջ դիվանագետներ, ովքեր շատ լավ թացը չորից տարբերում են, և համոզված եղիր, որ նրանք շատ լավ գիտեն՝ ով է սկսել դիվերսիան, ով է իրականացրել դիվերսիան, և էդ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչ երկիրը նաև ՀԱՊԿ անդամ երկիր է, և արդեն եղել է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումը, որը սադրանք էր որակել: Իսկ այն, որ Մինսկի խմբի համանախագահները ամեն ինչ շատ ավելի լավ գիտեն, սա փաստ է, իսկ իրենք կանեն թե չեն անի՝ դա դիվանագիտություն է, բայց էն, որ իրենք հասկանում են, կարիք չկա, որպեսզի մենք նրանց համոզենք՝ կոշկակարը ես էդ առումով ասացի, իրենք շատ ավելի լավ ինձնից ու քեզնից գիտեն՝ ով է իրականում դիվերսիանտը, ով է ցանկանում խախտել հրադադարը, և այդ առումով, կարծում եմ, հավելյալ փաստերի ներկայացման կարիք չկա, որովհետև արտգործնախարարությունը այսօր արդեն ներկայացրել է»:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, մենք գտնում ենք, որ այդ հայտարարությունը դրական է, պարոն Բորդյուժան հստակ նշում է, որ Ադրբեջանի գործողությունները սադրանք են, պրովոկացիա են, և իր հայտարարության մեջ, որը, ի դեպ, նաև ՀԱՊԿ կայքում է պաշտոնապես տեղադրված, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ նա նշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը․ չեմ կարծում, որ դա վրիպակ է, որովհետև ՀԱՊԿ-ի նման լուրջ կազմակերպությունը նման վրիպակներ իր կայքում թույլ չի տալիս, այն էլ՝ գլխավոր քարտուղարի անունից», - ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով․ - «Ես չեմ ասում՝ սա մեր երազանքների հայտարարությունն էր, բայց այս հայտարարությունը խիստ դիվանագիտական հայտարարություն էր․․․ Առհասարակ, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում»:

Ինչ վերաբերում է հայկական Զինված ուժերին՝ իշխող կուսակցության խոսնակը հավաստիացրեց, որ նրանք իրականացրել և իրականացնելու են իրենց վրա դրված պարտավորությունները:

30 հանրապետականներ թեև ԱԺ-ում անցնող տարում չեն խոսել, բայց «շատ ակտիվ տեղերում աշխատել են»

«Ազատության» դիտարկմանը, որ ըստ իրականացված մոնիթորինգի տվյալների՝ անցնող տարում Հանրապետական կուսակցությունից 30 պատգամավորներ ընդհանրապես ո՛չ ելույթ են ունեցել, ո՛չ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել խորհրդարանում, Ազգային ժողովի փոխնախագահը արձագանքեց․ - «Եթե 30-ը չեն խոսել, նշանակում է՝ 42-ն էլ շատ ակտիվ խոսել են: Երբ որ բաժակը կիսով չափ լիքն էլինում, ես միշտ ասում եմ, որ կիսով չափ լիքն է, այլ ոչ թե ասում եմ՝ կիսով չափ դատարկ է: Իսկ եթե չեն խոսել, այնտեղ կան այլ պատգամավորներ, որոնք ոչ միայն չեն խոսել, այլ ծպտուն չեն հանել, դահլիճ չեն եկել, նաև ընդդիմության մեջ են եղել»:

Իսկ Հանրապետական խմբակցությունը, Էդուարդ Շարմազանովի պնդմամբ, «ամենաակտիվ խմբակցություններից մեկն է, եթե ոչ՝ ամենաակտիվը»․ - «Եթե ասում են՝ 30-ը չեն խոսել, 30-ը ակտիվ տեղերում աշխատել են, և էդ 30-ի մեծ մասը ռեյտինգային քվեարկության ժամանակ կառաջադրվի պատգամավորի թեկնածու, և դուք կտեսնեք, որ այդ պատգամավորները ինչ բարձր վարկանիշ ունեն տեղերում, և ինչ մեծ սիրով և վստահությամբ մեր ժողովուրդը ձայն կտա իրենց: Իսկ մնացած 42-ն էլ նշանակում է, որ շատ ակտիվ աշխատում են, իսկ սա նշանակում է, որ Հանրապետական խմբակցությունը շատ նորմալ փակում է քաղաքական տարին»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG