Մատչելիության հղումներ

Ամանորի գիշերը Հայ Եկեղեցու տաճարներում՝ Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի օրհնությամբ, Ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները:

«Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը: Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ: Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG