Մատչելիության հղումներ

Կարայան․ Հայաստանում մոնոպոլիստներ չկան


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, արխիվ:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, արխիվ:

Գործարարների համար հավասար պայմաններ ստեղծելու մասին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունից ընդամենը հարյուր օր անց նրա գլխավորած կառավարությունում տնտեսության զարգացման համար պատասխանատուն հայտարարում է՝ Հայաստանում մոնոպոլիստներ չկան, և եթե որևէ մեկը տեղյակ է մոնոպոլիստներից, կարող է հայտնել կառավարությանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության գերակայություններից է:

Սակայն այն, ինչ պետք է անի կառավարությունը, պարզվեց, նախևառաջ վերաբերում է Համաշխարհային բանկի Doing Business-ում դիրքերը բարելավելուն․ - «Գործարարությամբ զբաղվելը Համաշխարհային բանկի զեկույցի հիմք հանդիսացող տասը գնահատման ցուցանիշներից չորսի մասով, մասնավորապես՝ էլեկտրականության միացում, շինարարության թույլտվությունների ստացում, սնանկության ճանաչում և հարկերի վճարում, Հայաստանի միջին դիրքը շարունակում է մնալ ցածր և այն մեզ չի գոհացնում: Նախատեսված են այն միջոցառումները, որոնք այս բոլոր չորս ոլորտներում մենք պետք է իրականացնենք, որպեսզի գործարարության զբաղվելը Հայաստանում դառնա ավելի պարզ, հստակ և դյուրին»:

Կարայանին հիշեցրեցինք, որ Doing Business-ում առաջ գնալը դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության սիրված թեմաներից էր, բայց, չնայած զեկույցում առաջընթացին, Հայաստանի տնտեսությունն ի վերջո հայտնվեց «չափազանց ծանր վիճակում»՝ ինչպես խորհրդարանի ամբիոնից խոստովանեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիտարկմանը, թե նույն Համաշխարհային բանկի տվյալներով հետխորհրդային երկրներում և Արևելյան Եվրոպայում ամենամոպոլիզացված տնտեսությունն ունեցող Հայաստանում հատկապես փոքր ու միջին գործարարների, փորձագետների հավաստմամբ, թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ մոնոպոլիաների գոյությունը, իսկ իր ներկայացրած տարեկան հաշվետվությունում և գալիք տարվա ծրագրում որևէ բառ չկա մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, և հարցին, թե արդյոք տնտեսության առաջնային խնդիրը էլեկտրականության միացումը կամ շինարարության թույլտվության ստացումն է, Կարայանն արձագանքեց․ - «Առաջինը, որ Հայաստանում մենաշնորհներ կան միայն բնական մենաշնորհների ոլորտում: Դա հանրային ծառայությունների կարգավորման ներքո ոլորտներն են: Մնացած ոլորտներում կարող են լինել գերիշխող դիրք զբաղեցնող, որը որ պայմանավորված է Հայաստանի փոքր տնտեսության պարագայով: Իսկ մնացած բոլոր դեպքերում, որ ասում եք կան մոնոպոլիստներ և այլն․ բազմաթիվ խոսակցություններ եղան տարբեր ապրանքատեսակների մասով, և բոլորս ականատես եղանք, որ շուկան բաց է: Համենայն դեպս այսօր ես կարող եմ ձեզ վստահաբար ասել և հայտարարել, որ շուկան բաց է»:

Վարչապետ Կարապետյանի թերևս ամենավստահելի մարդու՝ «Գազպրոմ Արմենիայի» նախկին տնօրենի Վարդան Հարությունյանի կողմից գլխավորած կառույցը՝ Պետեկամուտների կոմիտեն, նոյեմբերի 21-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի մի գործարար, ում անունը այդպես էլ չհրապարակվեց, Ռուսաստանից բանան է ներկրել Հայաստան, սակայն սահմանը հատելուց հետո խոչընդոտների է հանդիպել, և միայն ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչությունների միջամտության արդյունքում է կարողացել բանանն իրացնել:

Լրատվամիջոցները բազմիցս են գրել, որ բանանի և մի շարք այլ ապրանքների ներկրման մոնոպոլիան պատկանում է ԴԱՀԿ նախկին ղեկավար և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ սերտ կապեր ունեցող Միհրան Պողոսյանին: Ուստի շատերը տարօրինակ չհամարեցին, որ իրավապահները այդպես էլ չպարզեցին, թե ովքեր են այդ անհայտ անձինք, որ փորձել են խոչընդոտել բանանի ներկրումը: Հայտնի չդարձավ նաև, թե ինչու այդ գործարարը որոշեց այլևս բանան չներկրել:

Այս առնչությամբ Կարայանն ասաց․ - «Ես ձեզ վստահ կարող եմ ասել, որ ներկա իրականության մեջ որևիցե մի սահմանափակումներ, որևիցե մի մոնոպոլիստական գաղափարներ չկան: Եթե կա, խնդրում եմ, կոնկրետ դեպքերով անձամբ ինձ ասել»:

Կարայանն ուշագրավ հայատարարություն արեց, թե «բիզնեսը չէր վստահում պետությանը, մինչդեռ նոր կառավարությանը կարծես հաջողվել է կոտրել այդ մթնոլորտը»․ - «Այն աշխատանքը, որը որ, ես ձեզ հետ համաձայն եմ, որ կար անվստահություն դեպի պետությունը գործարար միջավայրի կողմից, բավականաչափ հստակ չէր համագործակցությունը կառավարության հետ: Եվ մենք, մեծ ուշադրություն և մեծ շեշտադրություն դնելով այս համագործակցության վրա, կարող ենք այսօր արձանագրել, որ արդեն իսկ կա այն տրամադրվածությունը, որ Հայաստանում գործող կազմակերպությունները պատրաստ են նոր ներդրումներ իրականացնել»

Նախարարի խոսքով, առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճը նախևառաջ պետք է ապահովի արտահանումը, դա է կառավարության նպատակը՝ 2016-ը կփակենք արտահանման 21% աճով: Անհամեմատ համեստ է տնտեսության աճը՝ տարին կամփոփենք կեստոկոսանոց աճով: Գալիք տարվա համար նախատեսված է 3.2 տոկոս աճ: Պարզվեց, սակայն, որ առնվազն տասն անգամ ավելի մեծ տնտեսական աճ է հարյկավոր, որպեսզի բնակչության կենսամակարդակըս բարելավվի․ - «Լավ բարեկեցություն ապահովելու համար ներկայումս մեզ անհրաժեշտ է, որ միջնաժամկետ հատվածում մենք գանք և դուրս գանք 5-6 տոկոս տնտեսական աճի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG